ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնին։ Ողջունելով տիկին Ուիլսոնին՝ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ երկարամյա գործընկերությունը, մասնավորապես՝ Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի շրջանակում ձևավորված համագործակցությունը, որը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի մաքսային ծառայության զարգացման, սահմանային անվտանգության ամրապնդման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման գործում։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Շոնա Ուիլսոնն իր հերթին կարևորել է երկկողմ համագործակցության արդյունքները՝ նշելով, որ այն նպաստում է ինչպես տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների զարգացմանը, այնպես էլ մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են ընդհանուր ծրագրերն ու դրանց առաջընթացը, այդ թվում՝ CertScan ծրագրի ներդրման, ռիսկերի կառավարման համակարգի, սահմանային անցման կետերին մաքսային արդի սարքավորումների տրամադրման, ինչպես նաև նոր տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում համագործակցային ծրագրերը։
Այցի շրջանակում նաև իրականացվել է Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի աշխատանքի գործնական ցուցադրություն՝ կառույցի աշխատանքներին և տեխնոլոգիական հնարավորություններին ծանոթանալու նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի, S2 Global ընկերության, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ։




































