Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջին օրերին ավելի հաճախ է դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով ավելի մեծ հրապարակային աջակցություն ցուցաբերել իր նախընտրական արշավին: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ամերիկյան աղբյուրը պորտալին հայտնել է, որ Նեթանյահուն վերջին երեք օրերի ընթացքում երկու անգամ խոսել է Թրամփի հետ և խնդրել է նրան կրկնապատկել Truth Social սոցիալական ցանցում իսրայելցի վարչապետին աջակցություն արտահայտող հրապարակումների թիվը։
Պորտալի զրուցակցի խոսքով՝ Նեթանյահուն նույնիսկ առաջարկել է աջակցող լրացուցիչ հայտարարությունների ձևակերպումներ։
Աղբյուրը հավելել է, որ Սպիտակ տունը Նեթանյահուի ագրեսիվ լոբբինգը դիտարկում է որպես «հուսահատության նշան» և որպես ցուցում այն բանի, որ իսրայելական առաջնորդը, իր իսկ գնահատմամբ, հետ է մնում նախընտրական մրցապայքարում։
Միևնույն ժամանակ իսրայելական աղբյուրը հայտնել է, որ Իսրայելի վարչապետը Թրամփին առաջարկել է հեռախոսազրույցներ անցկացնել իսրայելցի լրագրողների հետ՝ նրա նկատմամբ հետագա աջակցություն արտահայտելու համար։
Մինչդեռ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության մամուլի քարտուղար Նետա Մոլխոն հերքել է այն տեղեկությունը, թե վարչապետը Թրամփին խնդրել է աջակցել իր նախընտրական արշավին «վերջին օրերին կամ մինչև նրա հավանության մասին հայտարարությունը»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար տեսնել Նեթանյահուի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում։
«Նա հենց այն գործընկերն է, որն ԱՄՆ-ին անհրաժեշտ է Իսրայելում՝ մի երկրում, որի համար մենք շատ բան ենք արել»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը հիշեցրել է, որ Նեթանյահուն ԱՄՆ-ի հետ միասին իրականացրել է ռազմական գործողություն Իրանի դեմ։ Ամերիկայի նախագահի կարծիքով՝ մեկ այլ առաջնորդ, եթե հայտնվեր Նեթանյահուի տեղում, նման քայլերի չէր համաձայնի։
Իսրայելում ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 27-ին։




































