«Ուժեղ Հայաստան» դաշինքը Գյումրու օրվա առթիվ շնորհավորել է քաղաքի բնակիչներին՝ ընդգծելով, որ Գյումրին պետք է զարգացնի տնտեսությունը, ստեղծի բարձր վարձատրվող աշխատատեղեր և երիտասարդներին հնարավորություն տա իրենց ապագան կառուցել հայրենի քաղաքում։
«Սակայն տարիներ շարունակ զրկանքներ տեսած գյումրեցին այսօր արժանի է ոչ թե լոկ սիրուն խոսքերի, այլ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի։ Մեր երեխաները պետք է մեծանան սեփական հողում վստահ ապագա ունենալու զգացումով, իսկ Գյումրին պետք է օրեցօր շենանա ու զարգանա»,- ասված է դաշինքի ուղերձում։
Դաշինքը նաև ընդգծել է, որ ուժեղ և զարգացող համայնքներն են ուժեղ ու անվտանգ պետության միակ հուսալի հիմքը, և առանց հզոր Գյումրու՝ չի կարող լինել հզոր Հայաստան։
Գյումրու օրվա առթիվ առանձին ուղերձով հանդես է եկել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը՝ շեշտելով քաղաքի պատմամշակութային ու հոգևոր նշանակությունը։
«Գյումրին, իրավամբ, հայրաքաղաք է, որ հայրաբար սերունդներ է դաստիարակել՝ բանաստեղծներից մինչև երաժիշտներ, դերասաններից մինչև վարպետներ, օլիմպիական չեմպիոններից մինչև գիտնականներ։ Բայց դարբնությունն այստեղ միայն արհեստ չէ։ Գյումրին ինքնին մարդկանց քաղաք-դարբնոց է, որտեղ սերնդեսերունդ կոփվում են ուժեղ, տաղանդավոր ու արժանապատիվ հայեր»,- գրել է Կարապետյանը։
Նա ընդգծել է, որ Գյումրու ուժը չպետք է պատճառ դառնա քաղաքն իր խնդիրների հետ միայնակ թողնելու համար։ «Դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի։ Դրա համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք՝ բնակարանային խնդիրների լուծում, որակյալ համայնքային ծառայություններ, տեղական բիզնեսի զարգացման և տաղանդների բացահայտման հնարավորություններ, որպեսզի երիտասարդներն իրենց ապագան կառուցեն մեր սիրելի Գյումրիում»,- ասել է Կարապետյանը։
Գյումրու քաղաքապետարանը ևս շնորհավորել է քաղաքի բնակիչներին՝ հիշեցնելով, որ Գյումրու օրը նշվում է 2003 թվականից, իսկ տոնի հիմքը դրել է ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր նախորդ պաշտոնավարման տարիներին։ «Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է, հիշողություն, մշակույթ ու ոգի»,- ասված է քաղաքապետարանի ուղերձում






































