Skip to main content

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը` Շաքիի միջադեպի մասին

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը COP17-ի միջոցառման մեկնարկից առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Շաքիում տեղի ունեցած միջադեպին։

Նախարարի խոսքով՝ այն պնդումները, թե դեպքի օրը ոստիկանությունը ուշ է արձագանքել, չի համապատասխանում իրականությանը։

«Ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, երբ տուժողը զանգահարել է նրա բջջային հեռախոսահամարին և կարճ տեղեկություն փոխանցել՝ առանց մանրամասնելու տեղի ունեցածը։ Խոսքը դժվար լսելի է եղել, այդուհանդերձ, ցուցաբերելով ոստիկանին հարիր պահվածք՝ նա անմիջապես արձագանքել է և չանցած 10 րոպե, օպերատիվորեն հասել դեպքի վայր։

Ոստիկանի ուղղորդմամբ՝ տուժողի որդին զանգահարել է 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Ստանդարտացված կարգի համաձայն՝ օպերատիվ խմբի մեկնումը պետք է ապահովվի 10 րոպեի ընթացքում, մինչդեռ այս դեպքում 10 րոպեում օպերատիվ խումբն արդեն եղել է տեղում»,- մանրամասնել է նախարարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին: Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031