Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված իգական սեռի նորածինը շտապօգնության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարան։
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից տեղեկացնում են, որ նորածնային վերակենդանացման բաժանմունքի հերթապահ նեոնատոլոգ Լ. Ս. Վարդապետյանի կողմից երեխայի վիճակը գնահատվել է ծանր։
«Նորածնի մարմնի ջերմաստիճանը եղել է 30 աստիճան Ցելսիուս, արձանագրվել է նաև շնչառական խանգարումների կլինիկա։ Նորածինն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Կազմակերպվել է մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն՝ Bubble CPAP համակարգի միջոցով, նշանակվել են համապատասխան հետազոտություններ և բուժում։ Նորածնի քաշը 2550 գրամ է, հասակը՝ 48 սմ։ Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը»,- հայտնում են ծննդատնից։
Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 10-ին՝ ժամը 20:43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին ու շտապօգնության ծառայությանը։ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։






































