Շարունակվում ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը:
Նիստը վարողի իրավունքով ելույթ է ունեցել ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մեղադրանքներին՝ կապված «Մարտի 1»-ի իրադարձությունների հետ:
Նրա խոսքով՝ պատգամավորը խոսում էր իրադարձությունների մասին, որին մասնակցել են դահլիճում գտնվողներից շատերը:
«Պարո՛ն Քոչարյան, ես միշտ ինձ մի փոքր վատ եմ զգում ձեր ներկայությամբ կամ ձեզ հետ հեռակա զրուցելիս, ձեր հոր մասին խոսելիս, որովհետև աշխարհի ամենահաճելի բանը չէ որդուն ասել՝ գիտես՝ ես համարում եմ, որ քո հայրը վատ քաղաքական գործիչ է կամ վատ մարդ և այլն, բայց ես ստիպված եմ դա անել, բայց ես ստիպված եմ դա անել բացառապես էն պատճառով, որ դուք պատգամավոր եք, քաղաքական գործիչ եք և այստեղ եք»,- ասել է Ռուբինյանը՝ դիմելով Լևոն Քոչարյանին:
Նրա խոսքով՝ Լևոն Քոչարյանը խոսում է «Մարտի 1»-ի մասին ու երևի հույս ունի՝ երիտասարդները, որոնք չեն ապրել այդ օրերին, պետք է լսեն ու հավատան իրեն:
«Ես չեմ բացառում, որ դուք, այն ժամանակ լինելով երիտասարդ և ձեր հոր որդին, այսպես ասած, իրականությունը լավ չեք տեսել կամ ձեր տանը էն ժամանակ Հ1-ն է միացած եղել, այն ժամանակ էլ «Հայլուրով», բոլորս գիտենք՝ ինչ են ցույց տվել, և դուք դրան եք հավատացել: Ես դա չեմ բացառում: Իշխանությունը տենց հատկություն ունի՝ մարդուն իրականությունից կտրելու»,- նշել է ԱԺ նախագահը՝ ներկայացնելով 2008-ի մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 06։00-ի դեպքերը:
Նրա խոսքով՝ առավոտյան այդ ժամանակ մարդիկ եղել են քնած:
«Միակ բանը, որ արել են, քնելն է եղել կամ խռռացնելը: Հատուկջոկատայինները եկել են ու սկսել են դուբինկաներով բոլորին ծեծել: Մարդիկ փախել են, հետևներից լարելով ծեծել են մարդկանց: Հիմա խնդրում եմ ինձ ասել՝ այդ մարդիկ ինչ էին արել»,- ասել է Ռուբինյանը՝ տեղի ունեցածը խնդրելով համեմատել վերջին տարիների իրադարձությունների հետ:
Նրա խոսքով՝ վերջիններս քնած մարդկանց առավոտվա ժամը 06։00-ին «դուբինկեքով սատկացնելը» համարում են նորմալ:
«Սա խնդիր է, պարո՛ն Քոչարյան: Ու հետո էլ դնում եք ձայնագրություն, որում Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իրերը վերցրեք, որ պաշտպանվեք: Իհարկե, պետք է իրերը վերցնեն, որ ինքնապաշտպանվեն: Բա դրանից մի քանի ժամ առաջ հատուկջոկատայինները հարձակվել էին մարդկանց վրա: Բա ի՞նչ էիք ուզում. պա՞րզ չէր, որ պետք է բարիկադավորվեն: Ձեր հորից էին պաշտպանվում»,- հայտարարել է Ռուբինյանը՝ դիմելով Լևոն Քոչարյանին:





































