Skip to main content

«Առաջարկում ենք ընդունել հակասաֆարովյան օրենք»․ Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում առաջարկել է ընդունել «Հակասաֆարովյան օրենք»։
Ներկայացնում ենք Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ՀՀ ԱԺ ամբիոնից։

Մեր երկիրը վերջին 8 տարվա ընթացքում անցել է բավական բարդ ժամանակաշրջան։ Մենք տեսել ենք մի քանի պատերազմ, տեսել ենք հասարակական լարվածություն և տեսել ենք նաև տնտեսական մեծ սթրեսներ։ Եվ այսօր, երբ մենք մեզ հարցնում ենք ի՞նչն է այն մոտիվացիան, այն դրական կողմը, որ մեզ ստիպում է նայել առաջ՝ դեպի մեր երազած ուժեղ Հայաստանը, մենք գտնում ենք այդ ուժեղ կողմը մի բանի մեջ․ առաջին անգամ 1000-ամյա պատմության մեջ, մեր վերջին գրեթե 700 տարվա մեջ հայերն են որոշում իրենց ապագան։ Սա շատ կարևոր բան է, այսինքն այստեղ Հայաստանի քաղաքական միտքն է, հայ ժողովրդի քաղաքական միտքը։

Շատ ենք մենք ուսումնասիրել 1920 թվականի մեր առաջին անկախության փորձը և հանգել ենք այն եզրահանգման, որ եթե հայկական քաղաքական միտքը ճիշտ աշխատեր, անկախ կուսակցական դրսևորումներից, մենք կունենայինք ավելի ուժեղ և ավելի այլ մասշտաբներով երկիր։ Այսօր մենք նույն խնդիրների առաջ ենք՝ մի փոքր այլ պատմական ժամանակահատվածում։

Մեր երկիրը մեկ-երկու տարվա ընթացքում ունի մի քանի մարտահրավեր։

Առաջինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն է։ Խաղաղության պայմանագիրն առանցքային է մեր երկրի զարգացման համար և մեր մարդկանց, մեր հայրենակիցներին Բաքվի բանտերից մերոնց հետ բերելու համար։ Խաղաղության պայմանագիրը մեր երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից երևի ամենակարևորներից մեկն է։ Հայ քաղաքական միտքը պետք է կարողանա լուծել այդ հարցը։

Այդ կարևոր հարցը լուծելուն զուգահեռ՝ պետք է թույլ չտրվի Ադրբեջանին հնարավորություն ստանալ խաղաղության պայմանագրի շրջանակներում ապահովել այնպիսի պայմաններ, որ ունենա ժողովրդագրական ներկայություն մեր երկրում՝ Հայաստան տեղափոխվելու միջոցով։

Շատերը, գիտեմ, խոսույթի մեջ հարցնում էին` ի՞նչն է այն վտանգը, որ մենք տեսնում ենք այդ հարցերում։ Այդ վտանգը եմ ուզում եմ ներկայացնել․ ահա թե ինչպես մեզ կպատասխանեն ադրբեջանցիները։ Ընտրություններից հետո Ադրբեջանում գիրք գրող, կրթության, գիտության նախարարը, ով իրենց երեխաների համար ապահովում է գրքերը, որոնցով իրենք կրթություն են ստանում, հայտարարել է․ «Ադրբեջանցիների վերադարձի հարցը Արևմտյան Ադրբեջան հիմնարար նշանակություն ունի ազգային նոր ինքնության ձևավորման գործում»։

Հարգելիներս, սա ալարմիզմ չէ, այնտեղ ձևավորվում է նոր ազգային գաղափարախոսություն։ Նախկին ազգային գաղափարախոսության արդյունքը մենք տեսանք։ Մեր քաղաքական մտքի նպատակն է լուծել հարցն այնպես, որ ունենանք խաղաղություն, բայց ունենանք նաև ժողովրդագրորեն անվտանգ Հայաստան։

Այդ իսկ պատճառով իմ առաջարկն է․ գիտեմ՝ շատ մեր նոր կոլեգաներ ասացին, թե ինչու ենք ժողովրդին լարում այս հարցով, եկեք չլարենք։ Մենք ունենք առաջարկ։ Մեկ օրենքով այս հարցը լուծվում է, եկեք ընդունենք օրենք։ Մենք դա անվանում ենք «հակասաֆարովյան օրենք», որով ուղղակի իրավունք չենք տալիս ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել մեր երկրում և ունենալ գույք կամ հող այստեղ։ Դրանով մեր հարցերը սպառվում են։ Դուք կարող եք լուծել այդ հարցը։ Մենք առաջարկ կանենք մոտակա ժամանակահատվածում, և իրար հետ կարող ենք այդ հարցը մեր քաղաքական օրակարգից վերջապես հանել։ Ի դեպ, Թուրքիայի Հանրապետությունը այդպիսի օրենք ունի նաև մեր մասին․ մեր երկրի քաղաքացիները իրավունք չունեն այնտեղ հող գնել անգամ ընկերության միջոցով։

Կա երկրորդ մեծ մարտահրավերը, որն այսօր ունենք։ Մեր ժողովուրդը՝ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, զբաղվում են գյուղատնտեսությամբ, դա մեր զբաղվածության նշանակալի մասն է։ Այսօր մեր գյուղացին կանգնած է մի խնդրի առջև․ մեր տնտեսական հիմնական գործընկերոջ հետ հարաբերությունները լարված են, և տարվա վերջում ավելի բարդ է լինելու։ Հնչել են հայտարարություններ, հնչել են պատասխաններ, որոնք լուծման չեն տանում։

Ամենայն հավանականությամբ, ո՞րն է մեր տեսլականը։ Հայկական քաղաքական միտքը կարող է լուծել այս հարցը։ Ես վստահ եմ՝ հայկական քաղաքական միտքը կարող է կարգավորել հարաբերությունները հիմնական տնտեսական գործընկերոջ հետ։ Ես վստահ եմ, որովհետև բազում անգամներ եղել են ավելի սուր ժամանակաշրջաններ։ Գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր աշխատել են, ովքեր հարաբերություններ ունեն առաջին նախագահի, կուսակցության հետ․ կարող եք հարցնել՝ եղել են շատ ավելի սուր ժամանակահատվածներ մեր հարաբերություններում, բայց հարցերը լուծվել են ճիշտ դիվանագիտության արդյունքում, ճիշտ իրար հետ շփվելու արդյունքում, և մենք շահել ենք։

Այստեղ մի կարևոր նկատառում ունենանք, թե ինչի մասին է խոսքը․ 8 տարվա ընթացքում մեր գյուղացիները 3 անգամ ավելի շատ վարկ ունեն, քան ունեին 8 տարի առաջ, բայց գյուղատնտեսությունը նույն մակարդակի վրա է (մինչև անցած տարի անկում էր ապրում)։ Ի՞նչ է սա նշանակում․ որ նույն շրջանառության պայմաններում մեր գյուղացին 3 անգամ ավելի շատ վարկ ունի, և եթե փակվում է վաճառքը դեպի մեզ համար շատ կարևոր տնտեսական գործընկերների շուկա, այս գյուղացիները սնանկանալու են, այս արտադրությունների տերերը սնանկանալու են, իրենց սեփականությունը, տները գնալու են բանկերին։ Սա մեկ մարդ չէ, 1000 մարդ չէ, տասնյակ հազարավոր մարդիկ են։ Մենք պետք է լուծենք այս հարցը։ Հայ քաղաքական միտքը 6 ամսվա ընթացքում ունի մարտահրավեր և պետք է լուծի այս հարցը։

Երրորդ մարտահրավերը, որ ունի մեր երկիրը, Թուրքիայի հետ սահմանի բացումն է։ Պատմականորեն Թուրքիայի հետ սահմանը փակվել է Թուրքիայի նախաձեռնությամբ, բայց փակվել է ոչ թե Ցեղասպանության պահանջի պատճառով, այլ մեր երկրորդ հայրենիքում հայկական զինված ուժերի ակտիվ գործողությունների և հաջողությունների պատճառով։

Ի՞նչ է դա մեզ համար նշանակում․ որ Թուրքիայի հետ հնարավոր է կարգավորել հարաբերությունները` առանց Ցեղասպանության գաղափարի, առանց Ցեղասպանության՝ մեր երկրի, մեր բազմահազարանոց ընտանիքների անձնական հիշողությունների մոռացման, որովհետև գլխավոր հարցը, որ կար, ցավոք, լուծվել է, բայց լուծվել է արյունով։ Մեր խնդիրն է ապահովել, որպեսզի Թուրքիայի հետ սահմանը բացվի, բայց դա չարվի Ցեղասպանության ճանաչման հաշվին։ Սա կարևոր բան է, քանի որ Ցեղասպանության գաղափարը միավորում է մեզ և Սփյուռքին, քանի որ Ցեղասպանության գաղափարը ապահովագրություն է մեզ համար ապագայում, որպեսզի այլևս չկրկնվի։

Այստեղ կարևոր է նաև դաստիարակչական աշխատանքը մեր ապագա սերնդի հետ։ Ի՞նչ աշխատանք ունենք անելու մեր ապագա սերնդի հետ, որպեսզի մեր սերունդը գիտակցի, թե ինչ զոհողությունների գնով ենք մենք հասել այսօրվան, ինչ զոհողությունների գնով ենք ստացել մեր փոքրիկ Հայաստանը, և որ դա մեր նախնիների արած քայլերն են՝ իրենց հավատից և լեզվից չհրաժարվելը։

Ես և մեր խմբակցությունը, պարոն Ռուբինյան, դեմ ենք քվեարկելու Ձեզ։ Եվ նաև կուզենայի, որ մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանային այնպիսի դիտանկյունից, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է․ Հայաստանի Հանրապետություն չէ, այլ երկրի տարածք է, բայց իմ հայրենիքի մի մասն է։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31