Skip to main content

Հայկ Կոնջորյանը խոսել է խաղաղության, ժողովրդի մանդատի և խորհրդարանի դերի մասին

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը և սեփական իշխանությանը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Ելույթի սկզբում Կոնջորյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ իր թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու համար։«Սա չափազանց մեծ պատիվ է և մեծ պատասխանատվություն, մանավանդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես, ըստ էության, հեղափոխությունից հետո Հայաստանի Ազգային ժողովում, երևի, պարոն Հասանովի հետ այն երկու պատգամավորներից մեկն եմ, որոնք առանց որևէ ընդհատման եղել են 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ գումարումների խորհրդարանների պատգամավորներ։Ես ինձ համարում եմ համոզված խորհրդարանական և շատ բարձր եմ գնահատում իմ թիմի կողմից այս կարևոր ու պատասխանատու պաշտոնում առաջադրվելը»,- ասել է Կոնջորյանը։Նրա խոսքով՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններն առանձնահատուկ էին նրանով, որ դրանք անկախ Հայաստանի պատմության առաջին համապետական ընտրություններն էին, որոնք անցկացվել են խաղաղության պայմաններում։

«Մեր գլխավոր ուղերձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հետևյալն էր՝ տեր կանգնել խաղաղությանը, որովհետև մենք շատ լավ գիտակցում էինք, որ ժողովրդի քվեարկությունից են կախված խաղաղությունը, ինքնիշխանությունը, պետականությունը և սեփական իշխանության պաշտպանությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուն։

Կոնջորյանի խոսքով՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանում հանգուցալուծվեց քաղաքական ճգնաժամը և ձևավորվեց ութերորդ գումարման Ազգային ժողովը։Նա, սակայն, քննադատել է նախորդ գումարման խորհրդարանի գործունեությունը՝ նշելով, որ այն ինստիտուցիոնալ առումով չի կարողացել լիարժեքորեն կենտրոնանալ օրենսդիր աշխատանքների վրա։«Ցավոք, ութերորդ գումարման Ազգային ժողովը չկարողացավ լինել այն օրենսդիր մարմինը, որի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենար իր ակնկալիքներն ու ցանկությունները՝ մարմին, որը կզբաղվեր ամենօրյա օրինաստեղծ աշխատանքով և ոչ թե ամենօրյա էքզիստենցիալ խնդիրների շուրջ քննարկումներով, գզվռտոցներով և խորհրդարանական մակարդակի պատերազմներով»,- ասել է Կոնջորյանը։Նրա գնահատմամբ՝ ութերորդ գումարման խորհրդարանի աշխատանքի բնույթը նաև պատճառներից մեկն էր, որ տարբեր հարցումների համաձայն՝ Ազգային ժողովը պետական ինստիտուտների շարքում վստահության ցածր ցուցանիշ ուներ։

Միաժամանակ Կոնջորյանը նշել է, որ դրա համար կային նաև օբյեկտիվ պատճառներ, քանի որ այն հետպատերազմյան խորհրդարան էր և մշտապես գտնվում էր քաղաքական տուրբուլենտության պայմաններում։«Այս պայմաններում 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին գնալով` «Տեր կանգնիր խաղաղությանը» ուղերձով, ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը և սեփական իշխանությանը։Նախորդ տասնամյակների ընթացքում խաղաղություն չէր եղել, որովհետև չէր եղել ժողովրդի իշխանություն։ Իսկ այն իշխանությունը, որը չուներ ժողովրդի մանդատը, չէր կարող իրագործել ժողովրդի ուղերձը»,- հայտարարել է նա։Կոնջորյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիներն ամենատարբեր առիթներով մշտապես խաղաղություն են ցանկացել, սակայն նախկին քաղաքական վերնախավը չի լսել այդ ուղերձը։
«Ես կարծում եմ, որ 2026 թվականի ընտրությունները շրջադարձային էին, որովհետև առաջին անգամ խաղաղության պայմաններում ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը և սեփական՝ ժողովրդի իշխանությանը»,- եզրափակել է Հայկ Կոնջորյանը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31