Ռուսաստանը չի մոռանա և լռության չի մատնի Նիդեռլանդներում խորհրդային մարտիկների տապանաքարերի պղծման փաստը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հենց դուք եք տարիներ շարունակ հետևողականորեն ոչնչացրել հարգանքը պատմական հիշողության հանդեպ։ Եվ զինվորական գերեզմանների այսօրվա պղծումը այդ քաղաքականության ուղղակի հետևանքն է։ Դա ձեր պատասխանատվության գոտին է։ Մենք չենք մոռանա այս հերթական հանցագործությունը և թույլ չենք տա լռության մատնել այն»,-իր Telegram-ալիքում գրել է Զախարովան:
Ռուս դիվանագետի խոսքով՝ արևմտյան պետությունների իշխանությունները տասնամյակներ շարունակ ստեղծել են մի մթնոլորտ, որում հնարավոր են դարձել նման հանցագործությունները։
«Դուք տապալում էիք հուշարձանները, վերաշարադրում պատմությունը, կեղծ պատմական հայեցակարգեր առաջ մղում, ներառյալ Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման համար տխրահռչակ «հավասար պատասխանատվություն», ծաղրում էիք Եվրոպան ազատագրած մեր մարտիկների հիշատակը, Ռուսաստանի ներկայացուցիչներին ու վետերաններին չէիք հրավիրում հիշատակի միջոցառումներին, փորձում էիք ջնջել Հաղթանակում Խորհրդային Միության վճռորոշ ավանդը՝ պատմական փաստերը փոխարինելով քաղաքական կոնյունկտուրայով, ստեղծում էիք կեղծ պատմական մեխանիզմներ, ինչպիսին է պատմության դասավանդման հարցերով խորհրդաեվրոպական դիտարանը, բոլորին համոզելով, թե Եվրոպան նացիզմից մաքրել են… ուկրաինացիները։ Եվ այո՛, դուք սնել եք նացիզմը Ուկրաինայում և նեոնացիստներին՝ ձեր երկրներում»,-գրել է Զախարովան:






































