Skip to main content

Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են նպաստել մաշկի քաղցկեղների, աչքի հիվանդությունների

Ամռան ամիսներին արևի տակ ավելի երկար գտնվելը շատերի համար կարող է սովորական թվալ՝ հանգիստ, զբոսանք, բացօթյա աշխատանք, սպորտային ակտիվություն։ Սակայն արևի ճառագայթների հետ միասին մեր մաշկի և աչքերի վրա ազդում է նաև ուլտրամանուշակագույն ճառագայթումը՝ UV-ը, որը չի երևում և չի զգացվում, բայց կարող է ունենալ լուրջ առողջական հետևանքներ։

«Հերացի» կենտրոնից բացատրում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները բաժանվում է հիմնականում երկու տեսակի՝ UVA և UVB։ UVA ճառագայթները կարող են նպաստել մաշկի վաղաժամ ծերացմանը, իսկ UVB ճառագայթները հիմնականում կապված են արևայրուքների առաջացման հետ։ Երկուսն էլ կարող են մեծացնել մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելցուկային ազդեցությունը կարող է նպաստել մաշկի քաղցկեղների, աչքի հիվանդությունների, իմունային համակարգի հիվանդությունների առաջացմանը։ Հատկապես կարևոր է պաշտպանել երեխաներին և դեռահասներին, քանի որ մանկության և պատանեկության տարիներին արևի ավելցուկային ազդեցությունը կարող է հետագայում բարձրացնել մաշկի քաղցկեղի ռիսկը։

Կարևոր է հիշել, որ արևից պաշտպանությունը պետք է լինի ոչ միայն ծովափին կամ հանգստի ժամանակ։ UV ճառագայթները կարող են ազդել նաև առօրյա կյանքում՝ զբոսնելիս, աշխատանքի կամ դասի գնալիս, բացօթյա միջոցառումների ժամանակ։ Նույնիսկ ամպամած եղանակին պաշտպանությունն անհրաժեշտ է, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթների մի մասը կարող է անցնել ամպերի միջով։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս արևից պաշտպանվել, երբ UV ինդեքսը 3 և ավելի է։

Այդ դեպքում ցանկալի է սահմանափակել արևի տակ գտնվելու ժամանակը հատկապես օրվա ամենաշոգ և արևոտ ժամերին, փնտրել ստվեր, կրել լայնեզր գլխարկ, արևային ակնոց, մարմինը ծածկող թեթև հագուստ և օգտագործել լայն սպեկտրի արևապաշտպան քսուք։ Արևապաշտպան քսուքը պետք է պաշտպանություն ապահովի և՛ UVA, և՛ UVB ճառագայթներից։

Խորհուրդ է տրվում օգտագործել առնվազն SPF 30 արևապաշտպան միջոց, այն քսել բավարար քանակով և թարմացնել մոտավորապես յուրաքանչյուր 2 ժամը մեկ, ինչպես նաև լողալուց կամ առատ քրտնելուց հետո։ Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ արևապաշտպան քսուքը չի նշանակում, որ կարելի է անսահման երկար մնալ արևի տակ։ Լավագույն պաշտպանությունը համակցված մոտեցումն է՝ ստվեր, պաշտպանիչ հագուստ, գլխարկ, արևային ակնոց և ճիշտ օգտագործվող արևապաշտպան միջոց։

Առանձին ուշադրության է արժանի նաև սոլյարիների օգտագործումը։ Սոլյարիները ևս ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուր են և չեն կարող համարվել «անվտանգ արևայրուքի» տարբերակ։ ԱՀԿ-ի Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալությունը՝ IARC-ը, UV ճառագայթում արձակող սոլյարիները դասակարգել է որպես մարդու համար քաղցկեղածին գործոն։ IARC-ի վերլուծության համաձայն՝ եթե UV ճառագայթում արձակող սոլյարիի օգտագործումը սկսվում է մինչև 30 տարեկանը, մաշկի մելանոմայի ռիսկը բարձրանում է մոտ 75%-ով։

Սոլյարիների օգտագործումը կարող է մեծացնել մաշկի քաղցկեղի, այդ թվում՝ մելանոմայի, ինչպես նաև բազալբջջային և տափակաբջջային քաղցկեղների զարգացման ռիսկը, կարող է նպաստել մաշկի այրվածքներին, վաղաժամ ծերացմանը, կնճիռների առաջացմանը և աչքերի վնասմանը։ Կարևոր է նաև հիշել, որ սոլյարին չի կարելի դիտարկել որպես վիտամին D ստանալու անվտանգ միջոց։ Վիտամին D-ի պակասի դեպքում ճիշտ մոտեցումը բժշկի հետ խորհրդակցելն է, այլ ոչ թե արհեստական արևայրուքի միջոցով UV ճառագայթման ավելցուկային ազդեցության ենթարկվելը։ Արևայրուքը՝ լինի արևից, թե սոլյարիից, մաշկի պաշտպանական արձագանքն է UV ճառագայթների վնասակար ազդեցությանը։ Հետևաբար, առողջության տեսանկյունից «անվտանգ արևայրուք» հասկացությունը սխալ պատկերացում է։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը հանրային առողջապահական կարևոր խնդիր է ամբողջ աշխարհում։ ԱՀԿ-ի տվյալներով՝ 2020 թվականին աշխարհում ախտորոշվել է մաշկի քաղցկեղի ավելի քան 1.5 միլիոն դեպք, իսկ մաշկի քաղցկեղի հետ կապված մահերի թիվը գերազանցել է 120․000-ը։ Մաշկի քաղցկեղի առավել վտանգավոր տեսակներից է մելանոման։ Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության՝ IARC-ի տվյալներով՝ 2022 թվականին աշխարհում գրանցվել է մելանոմայի մոտ 330․000 նոր դեպք, և գրեթե 60․000 մարդ մահացել է այս հիվանդությունից։

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում մոտ 15 միլիոն մարդ կույր է կատարակտի պատճառով և այդ դեպքերի մոտ 10%-ը կարող է կապված լինել ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության հետ։ Այս պատճառով արևային ակնոցը պետք է դիտարկել ոչ միայն որպես աքսեսուար, այլև որպես աչքերի պաշտպանության միջոց։

Ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանությունը միայն ամառային խնամքի մաս չէ, այն կանխարգելիչ առողջապահական վարքագիծ է, որը կարևոր է բոլոր տարիքում։ Արևից ճիշտ պաշտպանվելը նշանակում է պահպանել մաշկի և աչքերի առողջությունը, նվազեցնել այրվածքների, վաղաժամ ծերացման և մաշկի քաղցկեղի ռիսկը։ Արևը կարող է լինել հաճելի և օգտակար, բայց միայն այն դեպքում, երբ գիտենք, թե ինչպես անվտանգ վայելել այն։ Պաշտպանվելը փոքր քայլ է, որը կարող է մեծ նշանակություն ունենալ հետագա առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031