Արարատի մարզի դատախազությունը 2026թ. հունիսի 23-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի։ Պահանջում է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ոսկե բանալի» պրոֆիլակատորիայի (առողջարան) անշարժ գույքի վրա տարածել բռնագանձում։ Անշարժ գույքը գտնվում է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում։ Դատախազությունը հայց է ներկայացրել նաև Ծառուկյանին պատկանող այլ գույքերի վերաբերյալ։ Գրում է Հետքը։
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին և դեռևս վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։
Նույն օրը Գլխավոր դատախազությունն էլ հայցադիմում է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի, վերջինիս պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի, «Բեղլու» ՓԲԸ-ի, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի դեմ։ Այս հայցով պահանջվում է անվավեր ճանաչել սեփականաշնորհման պայմանագիրը, անշարժ գույքի առուվաճառքի, հողամասի վարձակալության պայմանագրերը և գույքերը հետ պահանջել ապօրինի տիրապետությունից։ Թե որ գույքերի մասին է՝ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում մանրամասներ չկան։
Այս գործը մակագրվել է դատավոր Ռուդոլֆ Ավագյանին և դարձյալ վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։
Դատախազությունն ավելի վաղ՝ 2026թ. հունիսի 8-ին հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ:






































