Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր «Մայր Հայաստան» և մյուս խմբակցությունների անդամների միջև: Նախ եղել է լեզվակռիվ, որն այնուհետև վերածվել է քաշքշոցի ու ծեծկռտուքի:
Իրավիճակը լարվել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ելույթից հետո:
«Մայր Հայաստան» խմբակցության անդամները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրել են Հայաստանի խորհրդարանական ընտրություններում «ձայներ գողանալու համար»:
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որն այդ պահին վարել է նիստը, հակադարձել է՝ հորդորելով լռել, քանի որ իրենց «լիդերը մեղադրվում է պետական դավաճանության համար» (նկատի ունի Անդրանիկ Թևանյանին-խմբ)։ Դրանից հետո Փամբուխչյանը հորդորել է լռել բոլորին ու զբաղեցնել տեղերը:
Ավագանու անդամները վիրավորանքներ ու հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, վիճաբանել են նաև ավագանու կին անդամները:
Նիստը 30 րոպեով դադարեցվել է:






































