Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 926-Լ հրամանի համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։

Պահանջը վերաբերում է հետևյալ տեխնիկական կանոնակարգերի շրջանակում ներմուծվող հետևյալ ապրանքներին․

օծանելիքակոսմետիկական արտադրանք (ՄՄ ՏԿ 009/2011),
մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերք (ՄՄ ՏԿ 023/2011),
հատուկ նշանակության սննդամթերքի որոշ տեսակներ, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սնունդ (ՄՄ ՏԿ 027/2012),
ծխախոտային արտադրանք (ՄՄ ՏԿ 035/2014),
փաթեթավորված խմելու ջուր, այդ թվում՝ բնական հանքային ջուր (ՄՄ ՏԿ 044/2017)։

Նշենք, որ վերոնշյալ տեխնիկական կանոնակարգերը նոր չեն և արդեն գործում են ԵԱՏՄ տարածքում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Փոփոխությունը վերաբերում է այն հանգամանքին, որ 2026 թվականի հուլիսի 1-ից նշված ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթուղթը պետք է ներկայացվի նաև մաքսային մարմնին։

ՊԵԿ-ը հորդորում է ներմուծողներին՝ նախապես ճշտել իրենց ապրանքների նկատմամբ կիրառվող պահանջները, ժամանակին ձեռք բերել անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթերը և մաքսային հայտարարագիր ներկայացնելիս դրանք կցել հայտարարագրին։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930