Մերձավոր Արևելքում իրավիճակը տատանվում է դիվանագիտական ջանքերի տապալման եզրին։ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված փխրուն պայմանավորվածությունները վտանգի տակ են հայտնվել Լիբանանի ուղղությամբ Իսրայելի չդադարող հարվածների պատճառով, որոնք Թեհրանը համարում է հրադադարի խախտում։ Այս ֆոնին Վաշինգտոնը մեծացնում է ճնշումը իսրայելական ղեկավարության վրա և շարունակում է Իրանի ծովային շրջափակումը, ինչը նոր տարածաշրջանային պայթյունի ռիսկերը դարձնում է ծայրահեղ բարձր։
NEWS.am-ը ներկայացնում է երեքշաբթի գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների համառոտ տեսությունը։
Իրանն ու Իսրայելը դադարեցրել են ուղիղ հարվածները, սակայն սպառնալիքը պահպանվում է։ Թեհրանը դադարեցրել է հարձակումները, սակայն զգուշացրել է, որ կվերսկսի հարվածները, եթե Իսրայելը չդադարեցնի ագրեսիան, այդ թվում՝ Լիբանանում։
Թրամփը կոշտ նախազգուշացրել է Նեթանյահուին։ Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը իսրայելցի վարչապետին կոչ է արել զգուշավոր լինել՝ հայտարարելով. «Զգույշ եղիր, այլապես շուտով մենակ կմնաս»։ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Բեյրութի ուղղությամբ ՑԱՀԱԼ-ի հարվածները կտապալեն ամերիկա-իրանական պայմանավորվածությունները։
Թեհրանը հայտարարել է «թղթային» հրադադարի տապալման մասին։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը ընդգծել է, որ հրադադարը գոյություն ուներ միայն թղթի վրա՝ մշտական խախտումների ֆոնին, իսկ ԱՄՆ-ն ու Իսրայելը «վստահություն կառուցելու ցանկություն» չունեն։
ԱՄՆ ԶՈւ-ն շարքից հանել է Օմանի ծոցում գտնվող լցանավը։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է դեպի Իրան ընթացող նավթատար տանկերի վրա հարձակման մասին։ Սա արդեն յոթերորդ նավն է, որը խոցվել է ապրիլին ամերիկյան ծովային շրջափակման սահմանումից ի վեր։
Լիբանանի վրա նոր հարվածների զոհ է դարձել 12 մարդ։ ՑԱՀԱԼ-ի գիշերային հարձակումների հետևանքով երկրի հարավում զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կին և երեխա, վիրավորվել են չորս բուժաշխատող։ Մարտ ամսից ի վեր Լիբանանում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 3 637-ի։
ԱՄՆ Կոնգրեսում պահանջում են հետաքննել 1967 թվականի Իսրայելի հարձակումը։ Հանրապետական կոնգրեսական Թոմաս Մեսսին կոչ է արել նոր հետաքննություն անցկացնել Եգիպտոսի ափերի մոտ գտնվող USS Liberty նավի վրա Իսրայելի հարձակման վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է 34 ամերիկացի նավաստի։






































