Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովին: Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ կրթության ոլորտի և տեխնոլոգիական համայնքի համագործակցությունը հաջողության պատմություն է:

«Կրթությունը տեխնոլոգիական համայնքի անբաժանելի ուղեկիցն է. ԱՏՁՄ-ի պատմությունն ու փորձառությունը բնութագրվում են տեխնոլոգիական կրթության ոլորտում ընդգրկուն համագործակցությամբ: Տեխնոլոգիական կրթությունը թերևս հենց այն ուղղությունն է, որտեղ ԿԳՄՍ նախարարության համագործակցությունը մասնավորի հատվածի հետ ամենաստացվածն է, ու այստեղ ԱՏՁՄ-ն շատ կարևոր դերակատարում ունի: Սովորաբար, պետության հետ համագործակցությունը ստացվում է, եթե տվյալ ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր ընկերություններն ու կառույցները կազմակերպված են և ներկայացնում են իրենց օրակարգը՝ անելիքներով ու խնդիրներով։ Երբ հստակ ձևակերպված օրակարգ կա, պետությունը դառնում է աջակից՝ նպաստելով առաջարկվող լուծումներին: Ոլորտի զարգացման ճանապարհը միասին ենք անցել, ինչի համար ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել տեխնոլոգիական համայնքին՝ ինքնակազմակերպման, օրակարգի ձևակերպման և պետության հետ արդյունավետ գործընկերության համար»,- ասել է նախարարը՝ ողջունելով ԱՏՁՄ 25-րդ հոբելյանական համաժողովի մասնակիցներին:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է տեխնոլոգիական կրթության շրջանակում ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ իրականացվող համատեղ ծրագրերին՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը: Նախարարի խոսքով՝ այս ոլորտն ունի հզոր ներուժ ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, ուստի պետական նպատակաուղղված քաղաքականությունը միտված է տեխնոլոգիական կրթության զարգացմանը, որի արդյունքը կարող է արտահանվել՝ Հայաստանը ճանաչելի դարձնելով միջազգային կրթական համակարգում:

«Տեխնոլոգիական կրթության ուղղությամբ ունենք շարունակվող հաջողություններ, ինչպես նաև բազմաթիվ անելիքներ։ Համագործակցության արդյունքում հանրակրթական դպրոցներում տարիներ շարունակ իրականացվող Արմաթ ինժեներական լաբորատորիաների ծրագրում ներկա պահին ընդգրկված է 17000 երեխա: Այս ծրագիրը կրթական և տեխնոլոգիական ոլորտների միջև ստեղծում է երկուստեք օգտակար սիներգիա, որը մի կողմից նպաստում է կրթության ոլորտում խնդիրների առաջադրմանը և արդյունավետ լուծմանը՝ այդպիսով ուժեղացնելով հանրակրթական համակարգը, մյուս կողմից՝ օգտակար է նաև տեխնոլոգիական համայնքի համար, քանի որ երեխաները փոխանցում են նորարար գաղափարներ և ոգևորություն: Երեխաների հետ արդյունավետ աշխատանքն իրականում շատ մեծ արդյունք է տալիս»,- ասել է նախարարը՝ կարևորելով Արմաթ ծրագրում ընդգրկված երեխաների թվի աճը:

Նա վստահություն է հայտնել, որ ԱՏՁՄ-ի հետ պետության համագործակցությունը կշարունակվի, և կսահմանվեն այնպիսի նպատակներ ու թիրախներ, որոնք կնպաստեն ինչպես տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, այնպես էլ կրթության որակի բարելավմանը:

Նշենք նաև, որ ԿԳՄՍՆ և ԱՏՁՄ համագործակցության շրջանակում 638 հանրակրթական դպրոցներում պետական ֆինանսավորմամբ գործում են 1 070 «Արմաթ» ինժեներական աշխատանոց-խմբակներ: Սկսած 2014 թվականից՝ Կառավարությունը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում Արմաթ լաբորատորիաների գործունեությանը՝ ապահովելով խմբավարների վարձատրությունը:

Համաժողովին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը, պետական կառույցների, մասնավոր հատվածի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են Արմաթ լաբորատորիաների ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը, տեղի են ունեցել ԱՏՁՄ խորհրդի և նախագահի ընտրություններ։

Համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև էքսպո՝ «Արմաթ» ինժեներական աշխատանոց-խմբակներ հաճախող դպրոցականների մասնակցությամբ: Նախարարը և մյուս ներկաները ծանոթացել են էքսպոյում ցուցադրված աշխատանքներին:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728