Քանի որ ներկայում քննարկվում է հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար, ապա դրա առաջին և ամենաարագ ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ-Թուրքիա սահմանային «Մարգարա» անցակետում շրջայցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը՝ հավելելով, որ սա կազդի հատկապես ծառայությունների ոլորտի վրա:
«Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է ունենալ արագ գործնական և դրական ազդեցություն տնտեսության վրա։ Ակնհայտ է, որ տնտեսվարողների համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում, երբ, լինելով ծովային ելք չունեցող երկիր, միևնույն ժամանակ չորս սահմաններից երկուսը փակ են։ Ինչպես գիտեք, մենք մեծապես կախված ենք Լարսի անցակետից, և Թուրքիայի հետ սահմանների բացումը տնտեսվարողներին օգնելու է մի քանի առումներով։ Նախ կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, կկարճանան մատակարարման շղթաները, և կընդլայնվի շուկաների հասանելիությունը։ Փակ սահմանները երկար տարիներ ավելացրել են լոգիստիկ ծախսերը և սահմանափակել մրցակցությունն ու մեծ խնդիրներ ստեղծել հայ արտադրողների համար՝ համաշխարհային շուկայում իրենց տեղն ունենալու առումով»,-հավելեց Ավետյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարևորելով նաև Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացիայի օրակարգի տեսանկյունից։ Նրա համոզմամբ՝ սահմանի բացումը հնարավորություն է տալու նվազեցնել կախվածությունը սահմանափակ ուղիներից և ուղղություններից, ինչպես նաև նոր շուկաներ մուտք գործել և դիվերսիֆիկացնել արտահանումը։
«Միևնույն ժամանակ, փորձագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա դրական ազդեցություն է ունենալու արտաքին առևտրի վրա, զուգահեռ նաև ներդրումների ներհոսքի և ներդրումային միջավայրի վրա։ Որոշ փորձագիտական ուսումնասիրությունների տվյալներով՝ 20 տոկոս ներդրումային հոսքերի ծավալի մեծացում է ակնկալվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։ Ուզում եմ շեշտել, որ այս պահին մենք ուսումնասիրություն ենք իրականացնում ավելի մանրամասն գնահատելու, թե սահմանների բացումը ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա և, միգուցե, երկրորդ փուլով ուսումնասիրություն իրականացնենք նաև տարածաշրջանի բոլոր տնտեսությունների վրա ինչ փոխկապակցվածություններ կունենա, ինչպիսի փոփոխություններ կբերի փոխգործակցության և տնտեսության զարգացման համար»,-նշեց փոխնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ ավելի կարճ և մատչելի լոգիստիկ ուղիները թույլ կտան հայկական արտադրողներին դուրս գալ նոր շուկաներ, նվազեցնել կախվածությունը սահմանափակ թվով ուղղություններից և ապահովել ավելի արագ ու ճկուն մատակարարումներ։Ըստ Ավետյանի՝ ճանապարհների ապաշրջափակման և ԵՄ-Թուրքիա մաքսային միության հարևանության պայմաններում կարող են ընդլայնվել Հայաստանի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ՝ հատկապես արդյունաբերական ապրանքների մասով։
Նա հատկանշական համարեց, որ բաց սահմանները օգուտ են ստեղծելու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար։
«Տարանցիկ հոսքերի ակտիվացումը և մատակարարման շղթաների կարճացումը շահավետ են բոլոր ներգրավված կողմերի համար։ Սա կբարձրացնի տարածաշրջանի մրցունակությունն ու գրավչությունը միջազգային առևտրային երթուղիներում»,-ընդհանրացրեց փոխնախարարը։






































