Այդ փաստաթղթերի հանրայնացումը ցույց տվեց Սերժ Սարգսյանի կարմիր գծերն ու սկզբունքները. Տիգրան Աբրահամյան

Եթե խոսվում էր բանակցային փաստաթղթերի մասին, ապա դրանք պետք է ներկայացվեին ամբողջապես, և տարակուսելի է, որ դրանցում ներկայացված է, օրինակ, 2018 թվականի Սերժ Սարգսյանի հարցուպատասխանը խորհրդարանում, որը բոլոր լրատվամիջոցներով հանրայնացվել է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով կառավարության հրապարակած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերին։

«Օրինակ, հանրայնացվել է իբրև թե փաստաթուղթ, բայց հղումը «Հայկական ժամանակի» ինչ-որ հոդված է, որտեղ ներկայացված են այդ մեկնաբանություններով։ Երկրորդը, ներկայացվում է 2016-ի օգոստոսին Սերժ Սարգսյանի գրությունը Վլադիմիր Պուտինին, որը, ըստ էության, ցույց է տվել Սերժ Սարգսյանի կարմիր գծերն սկզբունքները բանակցային գործընթացի հետ կապված, և նաև հնարավորություն է ստեղծել Ռուսաստանից ստացվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ծավալները, և նաև որակական մակարդակը շատ ավելի բարձրացնել։

Բայց եթե խոսում ենք երեք տասնամյակի փաստաթղթի շրջանառության մասին, ապա դրանք ամբողջությամբ չեն ներկայացվել, եղածներից մի մասն էլ եղել է խեղաթուրված»,–ասաց նա։

Անդրադառնալով 2019–ին համանախագահներին ներկայացված փաստաթղթին, Աբրահամյանը նշեց. «Նախ, ՀՀ իշխանությունը տևական ժամանակ է, եթե չեմ սխալվում, շուրջ մեկ տարի առհասարակ հերքում էր նման փաստաթղթի գոյությունը, և դրա մասին ստիպված խոստովանեցին այն ժամանակ, երբ դրա մասին սկսեցին խոսել համանախագահները, Ռուսաստանի արտգործնախարարը և այլն։

Երկրորդը, 44-օրյա պատերազմից առաջ, սա կողմերին ներկայացված վերջին փաստաթուղթն էր, և բնականաբար շատերի համար սա նաև փոխկապակցվածություն ունի 44-օրյա պատերազմին։ Երրորդ հանգամանքը վերաբերում է նրան, որ այս բանակցային փաստաթղթի վերաբերյալ իշխանությունները տեսակետ չեն արտահայտել։

Բայց կա այլ հանգամանք, որը վերջերս հանրայնացվեց ադրբեջանցի պաշտոնյայի կողմից, ով ասում էր՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է, որ եթե ես նման բան ստորագրեմ, ժողովուրդը ինձ կսպանի։ Քանի որ իշխանությունը պաշտոնական մոտեցում չի արտահայտվել, դաշտում մնացել է միայն Ադրբեջանի կողմից ներկայացրած մոտեցումը, ինչը փաստում է, որ ՀՀ իշխանությունները դա մերժել են։

Սրա հավաստիությունը նաև կարող է նրանով արտահայտել, որ ադրբեջանցիները ասում են, որ Հայաստանի իշխանությունը իրավիճակը բերել է այնպիսի կետի, որից հետո մենք արդեն դիմել ենք ռազմական գործողությունների»,– հայտարարեց նա։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ 2011–ից մինչեւ 2019 թվականը ներկայացված փաստաթղթում որոշակի փոփոխություններ եղել են, բայց սկզբունքների մոտեցումների առումով հիմնական դրույթները ըստ էության պահպանվել են։

«Ըստ էության, ներկայացվել է փաստաթուղթ, որտեղ նշված է եղել Արցախում ժողովրդի կամքի արտահայտման միջոցով հանրաքվեի իրականացումը, որը պետք է ունենար պարտադիր իրավական ուժ, որը պետք է իրականացվեր 88 թվականի մարդահամարի ժողովրդագրական տվյալներով, երբ 75%-ը եղել են հայեր։

Երկրորդը, ամրագրված է հստակ Հայաստանի և Արցախի միջև անվտանգ կապի գոյությունը։ Հստակորեն նշված է, թե ինչպիսի իշխանություն պետք է ձևավորվեր Արցախում, հանրաքվեի իրականացում, միջազգային խաղաղապահների գործառույթների մասին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, համանախագահ երկրների, ԵԱՀԿ-ի համանախագահների առհասարակ անելիքների մասին։

Այնտեղ հստակ նշված է, որ պետք է աջակցություն լինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ձևավորվի դատական, օրենսդիր, գործադիր մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ։ Շատ հստակ գրված է, որ անվտանգությունը ապահովելու է ինքնապաշտպանական ուժերի և տեղի իրավապահ համակարգի կողմից։ Այսինքն ըստ էության ամբողջությամբ նկարագրված են այն մոտեցումները, որոնք մեր հանրության համար շատ պարզ են դարձնում, թե ինչ է բանակցվել մինչև 2018 թվականը, երեք տասնամյակի ընթացքում որ կետից եկել ենք, ինչ կետի ենք հասել, որպես ժառանգություն ի՞նչ է անցել Նիկոլ Փաշինյանը և դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ի՞նչ է արել այս ամենի հետ։

Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով ամբողջությամբ խեղաթուրել է բանակցային գործընթացը, վնասել է բանակցային գործընթացը»,– ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031