Ղազախստանը և Թուրքիան դատապարտել են Սև ծովում ԿԽԿ ենթակառուցվածքների և նավթատարների վրա հարձակումները

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Նովոռոսիյսկի նավահանգստում Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակման դեմ։

«Այս միջադեպը ագրեսիայի երրորդ ակտն է զուտ քաղաքացիական օբյեկտի դեմ, որի գործունեությունը երաշխավորված է միջազգային իրավունքով», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը։

Արտգործնախարարությունը ընդգծել է, որ ԿԽԿ-ն կարևոր դեր է խաղում համաշխարհային էներգետիկ համակարգի կայունության պահպանման գործում և հայտարարել է, որ միջադեպը դիտարկում է որպես Ղազախստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերություններին վնասող գործողություն։

«Մենք ակնկալում ենք, որ ուկրաինական կողմը կձեռնարկի արդյունավետ միջոցներ՝ ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար», — նշվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարություն է տարածել Սև ծովում վերջերս տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան մտահոգված է Գամբիայի դրոշի ներքո նավարկող Kairos և Virat առևտրային լցանավերի վրա հարձակումների առթիվ։

«Սև ծովում մեր բացառիկ տնտեսական գոտում տեղի ունեցած այս միջադեպերը լուրջ ռիսկեր են ստեղծել տարածաշրջանում նավարկության, կյանքի, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության համար», — հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Հայտարարությունը Ուկրաինային ուղղակիորեն չի դատապարտում: Նշվում է, որ Թուրքիան շարունակում է շփումները համապատասխան կողմերի հետ՝ Սև ծովում պատերազմի տարածումը կանխելու և տարածաշրջանում երկրի տնտեսական շահերի վրա բացասական ազդեցությունից խուսափելու համար։

2025 թվականի փետրվարին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածեցին ԿԽԿ Կրոպոտկինսկայա նավթի պոմպակայանին: Նոյեմբերին տեղի ունեցավ ևս երկու հարձակում: Նոյեմբերի 25-ին Ուկրաինայի զինված ուժերը հայտարարեցին Նովոռոսիյսկի Շեշխարիս նավթային տերմինալի ուղղությամբ հաջող հարվածի մասին, որը ԿԽԿ համակարգի մաս է կազմում: Ընկերությունը պնդում էր, որ վնասվել է վարչական շենքը:

Kairos և Virat լցանավերը հարձակման են ենթարկվել նոյեմբերի 28-ին՝ Թուրքիայի ափերի մոտ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031