Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին հերթական մշտադիտարկման այցերն են իրականացրել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ և ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Վաղատին գյուղի «Վաղատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքային պայմանների մատչելիությունը դիտարկելու նպատակով։
ՄԻՊ–ից հայտնում են, որ այցերի ընթացքում արձանագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հետ կապված մի շարք համակարգային խնդիրներ, որոնք կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին:
Եղեգնաձոր համայնքի «Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, ի թիվս այլ հարցերի, սաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ, քննարկվել են անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև կրթության ներառականության ապահովման վերաբերյալ հարցեր և այլն:
ՄԻՊ աշխատակազմի փորձագետը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները։
Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ ներկայացուցիչների կողմից իրականացվող մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ: