Հայաստանը իրական բարեկամ չունի, որը կասի՝ ձեր կողք կանգնած եմ. Արթուր Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանը որևէ արգելակ չունի նախաճաշին մի բան ասել, ճաշին հերքել նախաճաշին ասածը, իսկ ընթրիքին ասել՝ ընդհանրապես ես այդ թեման չեմ արծածել. Սա առաջին դեպքը չի, ցավոք սրտի, վերջին դեպքն էլ չի, քանի դեռ ինքը ՀՀ կառավարության ղեկավարն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Փաշինյանը նախօրեին Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ մենք բարեկամ երկրներ ենք։

«Մարդը, իրեն ասում, մի բան ասում է, հերքում է, հետո ասում է, ես այդպիսի բան չեմ ասել, սկզբունքայնություն մի սպասեք։ Այդ պահին իրեն հարմար էր ասել, հաջորդ պահին հարմար էր դա հերքել։ նույն Միացյալ Նահանգների մասին, որ խոսում ենք, հիշու՞մ եք Արարատ Միրզոյանը ինչքան էին գովերգում Բայդենի վարչակազմի հետ համագործակցությունը, ասելով՝ երբեք այսպես չի եղել, ռազմավարական մակարդակի ենք հասել, հունվարի 14-ին ստորագրում են ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, իրար մեղրից ավելի քաղցր խոսքեր են շռայլում, բայց մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ Հայաստանի հարաբերությունները Ամերիկայի հետ ավելի վատ չեն եղել, քան Բայդենի ժամանակ։ Այնպես որ սկզբունքայինությունը իրենից ակնկալել անիմաստ ժամանակավճառություն է»,– ասաց նա։

Անդրադառնալով Ալիևի ու Էրդողանի հետ Փաշինյանի ջերմ լուսանկարներին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Դա Նիկոլ Փաշինյանի քաղաքական քաղաքականությունն է, ինքն ուզում է ասել՝ արդեն եկել եմ, խաղաղություն եմ հաստատել, մեզ որևէ բան չի սպառնում, մեր օգտին քվեարկեք, որպեսզի հանկարծ մարդիկ չգան, մեր այս սիրո և համերաշխության մթնոլորտը թուրքերի և ադրբեջանցիների հետ հանկարծ չխաթարեն։ Ի դեպ, ադրբեջանցիներն էլ նույն քարոզչություն են անում, որ եթե հանկարծ Փաշինյանը չլինի, հանկարծ ռևանշիստները գան, ապա վիճակը շատ վատ կլինի։ Այստեղ Փաշինյանի և թուրքերի ու ադրբեջանցիների հարաբերությունները լրիվ նույն են։

Բայց ուղղակի մի հարց էլի, եթե հիմա խաղաղություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ դեպքում էլ ինչի՞ են ուզում խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Դե խաղաղություն է էլի, ինչի՞ են փող վատնում, գնում թանկանոց գործուղման։ Եթե դեռ ամրագրման կարիք կա, ուրեմն խաղաղություն չի, ընդամենը հրադադար»։

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը մի կողմից սերտ կապեր է հաստատել Հնդկաստանի հետ, մյուս կողմից Պակիստանի հետ է հարաբերություններ հաստատում, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Եթե դու մի անկողնուց դուրս ես գալիս, քեզ գցում ես ուրիշ անկողին, հետո երրորդ անկողին, հետո չորրորդ անկողին, վերջին հանգրվանը պարզ է, չէ՞՝ որտեղ է լինում։ Մենք ունենք բազմաթիվ օրինակներ համաշխարհային պատմությունից, երբ դու փորձել ես նստել 12 աթոռի վրա միաժամանակ, հետո այդ 12 աթոռները միաժամանակ այն կողմ են գնացել և դու հայտնվել ես գետնին։ Պետք է սկզբունքային լինել, և այս վիճակը, որ մենք հայտնվել ենք, որ մենք իրոք չունենք որևէ բարեկամ պետություն, որը պատրաստ լինի և ասի՝ ձեր կողք կանգնած եմ, նաև այս ոչ սկզբունքային քաղաքականության ուղղակի հետևանքն է»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930