Ջանասիրությամբ հետևեք ուսումնառության ձեր ընթացքին, զորանաք առ Աստված և առ հայրենին սիրո մեջ. Գարեգին Բ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հրապարակել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով։

Ուղերձում ասվում է. «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում աշակերտներին, ուսանողներին և կրթության գործի մշակներին։

Իմացության շնորհը և գիտելիքների ընկալունակությունը Աստծուց տրված պարգևներ են, որ բարիք են ստեղծում, երբ մարդկային կյանքը խարսխվում է առ Աստված հավատի և տերունավանդ պատգամների վրա։ Սուրբ Գիրքն ուսուցանում է․ «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը։ ․․․Եվ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպեսզի փրկություն գտնես․․․» (Առակ․ 1․2, 2. 10-12)։ Այս գիտակցությամբ է ապրել մեր ժողովուրդը՝ գիտելիքի հանդեպ անխախտ սերն իր հոգում, որով և դարերի հոլովույթում հաղթահարվել են ժամանակի փորձությունները, ստեղծվել է հոգեմտավոր մեր հարուստ ժառանգությունը։

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, այսօր ձեզ համար սկսվում է եռանդուն աշխատանքի, գիտելիքների յուրացման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման ևս մեկ շրջան:

Հայրական Մեր պատգամն է ձեզ, որ ջանասիրությամբ հետևեք ուսումնառության ձեր ընթացքին, զորանաք առ Աստված և առ հայրենին սիրո մեջ, որ կարող լինեք ամբարած ձեր գիտելիքները ազգային բարձր գիտակցությամբ ծառայեցնել մեր ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին:

Ուժ ու եռանդ ենք մաղթում մանկավարժներին՝ իրենց սաներին առաջնորդելու դեպի գիտության ու ճանաչողության հրաշալի աշխարհ, կրթելու նրանց Սահակ-Մեսրոպյան ոգով, որ հասակ առնեն որպես մեր ժողովրդի արժանավոր զավակներ և մեր պետության պատասխանատու քաղաքացիներ։

Մեր աղոթքն է, որ Բարին Աստված խաղաղ պահի հայրենի մեր երկիրն ու ժողովրդին ի սփյուռս աշխարհի։ Թող Տերը Իր շնորհներով հոգու պայծառություն և ուշիմ միտք պարգևի մեր բոլոր զավակներին և առատորեն օրհնի ուսման ու կրթության գործի նվիրյալների ջանքերը:

Բարի, օրհնյալ ուսումնական նոր տարի։

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930