Սեպտեմբերի 13-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում Հայկական ազգային երաժշտական ակադեմիան պանելային քննարկման ձևաչափով կհյուրընկալի համաշխարհային երաժշտության լավագույն մասնագետներին.
Մաննի Մարոքուինը ժամանակակից երաժշտության ամենաազդեցիկ դեմքերից է՝ «Գրեմմի»-ում բազմակի նոմինացված և 18 անգամ «Գրեմմի» մրցանակի արժանացած, ավելի քան 250 միլիոն վաճառված ձայնասկավառակների ձայնային ինժեներ։ Նա ձևավորել է pop-ի, հիփ-հոփի և R&B-ի ժամանակակից հնչողությունը։ Աշխատել է ժամանակակից լավագույն արտիստների հետ, այդ թվում՝ Kendrick Lamar, Beyonce, DJ Khaled, Bruno Mars, Sabrina Carpenter, Adele, The Weeknd, Alicia Keys, Kanye West, Imagine Dragons և շատ այլ աշխարհահռչակ արտիստների հետ։
Ջեյսոն Էվիգան՝ աշխարհում ամենապահանջված երգահաններից և պրոդյուսերներից մեկը, մի շարք համաշխարհային հիթերի հեղինակ է։ Նրա հայտնի աշխատանքներից են՝ Maroon 5-“Girls Like You”, Dua Lipa-“Physical”, David Guetta, Sam Martin — “Dangerous”…Նրա երգերը հատում են ժանրերը և աշխարհագրական սահմանները՝ միավորելով երաժշտասերներին ամբողջ աշխարհում։
Քրիս Գալանդ՝ Լոս Անջելեսի նշանավոր Larrabee Studios ստուդիայի առաջատար ձայնային ինժեներներից է, երկար տարիներ աշխատել է Մաննի Մարոքուինի հետ։ Համարվում է տեխնիկական կատարելության և ստեղծագործ մոտեցման համադրության վարպետ։ Նա աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Lizzo, Lana Del Rey, Camila Cabello, H.E.R, Anderson Paak, Travis Scott, Doja Cat, Lady Gaga, Demi Lovato, Rihanna, Kanye West, Post Malone, Jason Derulo 7 և այլ արտիստներ։ Նրա մոտեցումը նորարարության, պարզության և տեխնիկական վարպետության համադրում է։
Քրիս Գալանդը նշում է. «Շատ ուրախ եմ, որ իմ ընկերների հետ մեկնելու եմ Հայաստան՝ ունենալու պանելային քննարկում տարածաշրջանի մասնագետների համար։ Անհամբերությամբ սպասում ենք մեր այցին, որպեսզի կիսվենք մեր փորձով։ Կարծում եմ՝ հետաքրքիր և բովանդակալից այց կունենանք»։
Պանելային քննարկումն իսկապես բացառիկ է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար։ Այն մասնավորապես կարևոր է երաժիշտների, երաժշտական պրոդյուսերների, երգիչների և բոլոր այն մասնագետների համար, որոնք աշխատում են այս ոլորտում։ Պանելային քննարկման ընթացքում Մաննի Մարոքուինը, Ջեյսոն Էվիգանը, Քրիս Գալանդը կկիսվեն ժամանակակից երաժշտության ստեղծման և ձայնային ձևավորման գաղտնիքներով, կպատմեն, թե ինչպես են ստեղծվում «Գրեմմի» մրցանակի արժանացած և Billboard#1 երգերը, կխոսեն տեղական ու միջազգային համագործակցության հնարավորությունների մասին։
Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի համահիմնադիր Վազգեն Պողոսյանը նշում է.
«Հայկական ազգային երաժշտական ակադեմիան, իր շուրջը համախմբելով հայկական երաժշտական ոլորտում գործունեություն ծավալող գրեթե բոլոր մասնագետներին, հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ տարածելու որակյալ երաժշտությունը, խթանելու դրա զարգացումը Հայաստանում։ Այդ իսկ պատճառով մենք հրավիրեցինք ամբողջ աշխարհում ամենահայտնի և լավագույն մրցանակներին արժանացած մասնագետներին՝ միքսի ինժեներներ, պրոդյուսեր և երգահան, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով, օգնեն հայ մասնագետներին էլ ավելի զարգանալ, կատարելագործվել և համապատասխանել համաշխարհային շուկայի պահանջներին։ Վստահ եմ, որ շարունակական կրթության շնորհիվ հետագայում հայ մասնագետների աշխատանքները կլինեն ավելի մրցունակ միջազգային շուկայում։ Ծրագիրը կլինի շարունակական»։
Այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է Հայաստանի և տարածաշրջանի երաժիշտների, ստեղծագործողների, պրոդյուսերների և ուսանողների համար՝ սովորելու նորագույն երաժշտության ամենաազդեցիկ մասնագետներից։