Բրիտանական Anglo Asian Mining Plc. (AAM) ընկերությունը, որն Ադրբեջանոմ զբաղվում է ոսկու, արծաթի և պղնձի հանքարդյունաբերությամբ՝ հայտարարել է Ղարաբաղի տնտեսական շրջանում գտնվող Դեմիրլի (Քաշեն) հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին։
Ընկերությունը կանխատեսում է, որ 2025 թվականին Դեմիրլիում կարտադրվի մոտ 4 հազար տոննա պղնձի կոնցենտրատ։
«2026 թվականից սկսած ակնկալվում է, որ տարեկան մոտ 15 հազար տոննա պղնձի արտադրության ավելացում կլինի։ Հանքավայրի շահագործման ժամկետը կորոշվի երկրաբանական և հանքային ռեսուրսների մոդելների հետագա մշակումից հետո», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը նշում է, որ հանքը շահագործվում է խոշոր բաց հանքավայրում և հանքաքարն ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվում է հարստացման գործարան: Գործարանի էլեկտրամատակարարումը ապահովվում է Ադրբեջանի ազգային էներգահամակարգից, իսկ ջուրը վերցվում է տեղական և տարածաշրջանային աղբյուրներից:
Հանքավայրի և գործարանի շահագործման համար ընկերությունը աշխատանքի է ընդունել մոտ 150 նոր աշխատակից, իսկ արտադրության կայուն զարգացման ապահովման համար մոտ 50 փորձառու աշխատակից է տեղափոխվել ընկերության մյուս ձեռնարկություններից։
Դեմիրլի հանքավայրում, 2016 թվականի հունվարի չհաստատված տվյալներով կա մոտ 275 հազար տոննա երկաթի և 3,2 հազար տոննա մոլիբդենի պաշար։