Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը, որը կանցկացվի հուլիսի 13-20-ը, հանրությանը կներկայացնի մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, կինոգործիչներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։

Կինոյի տանը կայացել է կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը և կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը Հայաստանի մշակութային կյանքում համախմբող դեր ունի և վերածվել է գեղեցիկ ավանդույթի, որին սպասում է հանրությունը: Նա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կարևորել է հատկապես նոր հնարավորությունների ստեղծման, կինոարտադրության խթանման, փառատոնը միջազգային հարթակում ճանաչելի դարձնելու առումներով:

«Սա նաև առիթ է՝ խոսելու կինոյի ոլորտում պետական քաղաքականության ու իրականացված բարեփոխումների մասին: Բոլորովին վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը: Արդեն իսկ ներկայացվել են ներդրումների վերադարձի 50-ից ավելի հայտեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ նշելով, որ շարունակական քննարկումների և լավարկման փուլում է նաև «Կինոյի մասին» օրենքը՝ կինոարտադրությունը զարգացնելու նպատակով:

Նա կարևորել է փառատոների կարևորությունը կինոյի ոլորտում՝ նշելով նաև «Ռեանիմանիա» և Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոները՝ ընդգծելով մասնավոր հատվածի հետ համագործակցության անհրաժեշտությունը ոլորտի առաջխաղացման գործում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այս տարի նույնպես գլխավոր հովանավորի և աջակցողի դերն է ստանձնել, և վստահություն է հայտնել, որ կինոփառատոնը նախատեսված ֆիլմերով ու ծրագրերով այս տարի ևս կլինի հիշարժան: Նա տեղեկացրեց, որ 74 մլն դրամ են հատկացրել փառատոնին, որպեսզի հնարավոր լինի լուծել այն բոլոր հարցերը, որոնք բարձրացվել են ավելի վաղ։ Փոխքաղաքապետը կարծում է՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ը ևս հետաքրքիր է լինելու, քանի որ ցուցադրվելու է հարյուրից ավելի ֆիլմ, իսկ ժյուրիի կազմը տպավորիչ է։ 

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ Հարություն Խաչատրյանն ընդգծել է, որ փառատոնն ինքնարտահայտման և ոլորտում առաջխաղացում ունենալու առումով հեռանկարային է հատկապես երիտասարդների համար:

Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը հավաստել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը համաշխարհային փառատոների ասոցիացիայի կողմից հավատարմագրվող փառատոների ցանկում ընդգրկելու ուղղությամբ: «Մենք դառնալու ենք Համաշխարհային փառատոների ասոցիացիայի կողմից հավատարմագրվող փառատոն։ Նման  փառատոների թիվը 4 տասնյակից մի փոքր ավելի է։ Հաշվի առնելով այն, որ աշխարհում կան հազարավոր փառատոներ՝ դա մեզ համար կարևոր ցուցանիշ է, ուստի երկար ճանապարհ է անհրաժեշտ անցնել դրան հասնելու համար։ Կան փորձագիտական խմբեր, որոնք մոնիտորինգի և աուդիտի են ենթարկում փառատոնը։ Եկել էին նախորդ տարի, փառատոնն ուսումնասիրել են տարբեր չափորոշիչներով։ Հավատարմագրման որոշումը կկայացվի կամ 2025-ի վերջին կամ 2026-ին»,-շեշտեց Կարեն Ավետիսյանը։

«Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Նա ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է, ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La Femis-ի (2008) հանձնաժողովը:

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը Ամիր Նադերին է:
Փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկն էլ Շառլ Անավուրի քանդակի բացման հանդիսավոր արարողությունն է, որը տեղի կունենա հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031