Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում Հայաստանի և Իրաքի համագործակցության հնարավորությունները։
Օրակարգի առաջնային հարցերից է եղել երկու երկրների կառուցապատող և շինարարական կազմակերպութունների շահերը ներկայացնող միությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը՝ ոլորտային համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով։
Ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրով հանրապետությունում կրթական, մարզամշակութային և առողջապահական հաստատությունների, ճանապարհների ու ջրամբարների կառուցման ծրագրերը, նաև «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի իրագործումն ու մասնավոր միջոցներով կառուցապատման ծրագրերի իրականացումը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդգծել է, որ շինարարությունը ՀՀ տնտեսության կարևոր ու զարգացող ուղղություններից է։ «Հայաստանում աննախադեպ ծավալի շինարարական ծրագրերը հնարավորություն են տալիս ոլորտային մասնագետներին ձեռք բերել նախագծման, շինարարության, նոր տեխնոլոգիաների կիրառման և մեծ ծրագրերի կառավարման բավարար փորձ, ինչի շնորհիվ կարող են համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանում և Իրաքում»,-նշել է Եղիազար Վարդանյանը։
Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար՝ ընդգծելով կառուցապատման բնագավառում Իրաքի մեծ ներուժն ու երկու երկրների միջև ոլորտային համագործակցության լայն հեռանկարը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել բոլոր ջանքերը ներդնել՝ գործակցության օրակարգը կյանքի կոչելու համար։