Այս տարվա առաջին հինգ ամիսներին հավաքագրված հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.4 տոկոսով։ Այս մասին հունիսի 9-ին «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ իրենց հաջողվել է այս ոլորտում բավական տպավորիչ տեմպեր գրանցել։ «2025թ. հունվար-մայիս ամիսներին գրանցվել է մոտավորապես 142 մլրդ դրամի աճ, ինչը ենթադրում է 14.4 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- նշել է Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հարկ վճարողներին։
Վերոնշյալը, ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը, իրականում վկայում են տնտեսական աճի տեմպերի գերազանցման մասին։ «Սա, իր հերթին, նշանակում է, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության տեսանկյունից բարելավումն արդեն սկսվել է»,- նշել է պաշտոնյան։







































