Այսօր Քաղաքացու օրվան ընդառաջ հանրապետության բոլոր վարչական շրջաններում և մարզերում խորհրդանշական ձևաչափով անցկացվել են մշակութային միջոցառումներ։ Օրվա խորհրդի շրջանակում մշակութային օջախներում հյուրընկալվեցին իրենց գործում անուրանալի վաստակ ունեցող մերօրյա հերոսները՝ մշակութային, արվեստի գործիչներ, սպորտսմեններ, երաժշտարվեստի ներկայացուցիչներ։
Ա․ Տերտերյանի անվան մշակույթի դպրոցի պատվավոր հյուրն էր ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, Աշխարհի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր, Աշխարհի առաջնության մինչև 23 տարեկանների չեմպիոն Արսեն Հարությունյանը։
Ըմբշամարտիկը, խոսելով իր մարզական կարիերայի մեկնարկի ու բարձրակետին հասնելու դժվարությունների մասին, կարևորեց պետության՝ որպես ինստիտուտի դերը մարզաշխարհում ձեռքբերումներ ու նվաճումներ ունենալու հարցում։ «Աշխարհում պետության անունն ու խորհրդանիշերը բարձր պահելու դերը ոչ միայն այդ երկրի ղեկավարի, այլև մարզիկի սրբագույն պատասխանատվությունն է։ Եթե երկրի ղեկավարը դա կատարում է դիվանագիտական ճանապարհով, ապա մարզիկը՝ իր ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքները լավագույն մարզական պատրաստվածությամբ աշխարհին ներկայանալով ու իր երկրի խորհրդանիշ դրոշը բարձրացնելով։ Իհարկե, պետության դերն այս հարցում պակաս կարևոր չէ․ պետական կառույցների անմիջական հովանավորությունն ու աջակցությունը նպաստում են մարզիկի սպորտային վերելքին, որի արդյունքում հայ մարզիկը մնում է իր հայրենիքում՝ Հայաստանի դրոշը միջազգային մրցահարթակներում բարձր պահելու պատրաստակամությամբ»,- պատասխանելով ներկաների հարցերին՝ ասաց Ա․ Հարությունյանը։
Խոսելով աշխարհի տարբեր մրցահարթակներում իր նվաճած հաղթանակների և զգացողությունների մասին՝ Հարությունյանը ընդգծեց․ «Հաղթանակի դափնիներին արժանանալու հետևում կանգնած եմ ոչ միայն ես, այլև ամբողջ հայ ազգը, իմ մարզիչները, մարդիկ, ովքեր տարբեր կերպ ներդրում են ունեցել այդ նվաճումները ձեռք բերելու գործում։ Իսկ երբ օտար հողում հնչում է քո երկրի հիմնը, դրանից ավելի մեծ երջանկություն չեմ կարող պատկերացնել, դա կախվածություն առաջացնող զգացողություն է»։
Հարությունյանը կարևորեց մարդու գնահատողական վերաբերմունքը ոչ միայն սպորտում, այլև յուրաքանչյուր քաղաքացու հանրային կյանքում գիտակցական մակարդակի բարձրացման հարցում։
«Մեզանից յուրաքանչյուրը պետություն է ներկայացնում և մեր քայլերը կանխորոշում են մեր պետականության ապագայի միտումները։ Ճիշտ չէ այն մոտեցումը, թե ինչ է արել կամ սպասել, թե ինչ պետք է անի պետությունը քեզ համար։ Անհրաժեշտ է որոշակի պատասխանատվության զգացողություն ունենալ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է քո պետության ներսում՝ ստանձնելով քո ոլորտի ու հնարավորությունների սահմանում որևէ գործառույթ»,- ասաց նա՝ հավելելով, որ միայն օրինապահ ու բարեխիղճ քաղաքացու ձևավորման դեպքում է առողջ հասարակություն կայանում։ «Մեզանում ընդունված է շատ զարգացած երկրների օրինակներ բերել, որտեղ կրթական, առողջապահական և սոցիալական այլ ծառայությունները մատուցվում և հասանելի են հանրության բոլոր շերտերին լավագույն, երբեմն էլ արտոնյալ լուծումներով։ Սակայն սա որպես օրինակ դիտարկելով՝ երբեմն մոռանում ենք մեր՝ որպես օրինապահ հարկատուի պարտավորությունները մեր պետության հանդեպ։ Ուստի, լավ պետություն ունենալու համար պետք է սկսենք մեզանից»,- ասաց նա։
Իսկ թե ինչ դեր ունի սպորտը պետության զարգացման հարցում, ըմբշամարտիկը պատասխանեց․ «Վարչապետից հետո մարզիկն է երկրի եռագույնը բարձրացնում ու ողջ աշխարհին ճանաչելի դարձնում մեր երկիրը։ Ահա թե ինչպիսի պատասխանատվություն ու աշխատանք է ներդրված ներկայանալի մարզիկներ ունենալու համար»։
Tvnews.am-ի հետ զրույցում Ա․ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Ա․ Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքացիական գիտակցության մակարդակի բարձրացման գործընթացը շարունակական աշխատանք է, որն ընթանում է հասարակական գործընթացներին ինտեգրվելուն զուգահեռ․ «Ես տեսնում եմ խոստումնալից, տաղանդավոր երեխաներ, որոնք սովորում են սիրով ու տեսնում են արվեստում իրենց ապագան այս պատերի ներսում,իսկ դա ապագա քաղաքացու ձևավորման համար կարևորագույն գործոն է»,-ասաց նա։
Միջոցառմանը ելույթ ունեցավ Ա․ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի խումբը։
Միջոցառման ավարտին արվեստի դպրոցի բակում իրականացվեց խորհրդանշական ծառատունկ՝ Արսեն Հարությունյանի, դպրոցի տնօրեն՝ Արթուր Հովհաննիսյանի, Դավթաշեն վարչական շրջանի կրթության և սպորտի բաժնի պետ՝ Մարիամ Մկրտչյանի և դպրոցի սաների մասնակցությամբ։
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումը տեղի է ունեցել «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառումների շարքի շրջանակում։
Միջոցառմանը ներկա էին Աշոտ Մանուկյանի անվան 93 միջն․ դպրոցի ավագ սովորողները, Կենտրոն ազգային ավանդական մարտարվեստի մարզիկները, ուսուցիչներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Նշենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։
Միջոցառումները նպատակաուղղված են հանրության գիտակցության մեջ «քաղաքացի», «պետականություն» հասկացությունների արժևորմանը, պետության և հասարակության նկատմամբ հոգատար, նվիրված ու պատասխանատու վարքագծի ձևավորմանը։
Քաղաքացու օրը նշվում է 2019 թվականից։