Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ ապրիլի 24-ին Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների գործով դատավարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ դատարանը նախ քննել է «Շուշիի օկուպացիայից առաջ տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր, մասնավորապես՝1989-ի դեկտեմբերի 13-14-ի միջադեպերի մասին»։
Ըստ դատախազների ներկայացրած փաստաթղթերի՝ «մինչև օկուպացիան հայկական զինուժը հիթիռակոծել ու հրետակոծել է Շուշին ու հարակից գյուղերը, այս իրադարձությունների ժամանակ ադրբեջանցիներ են սպանվել, վիրավորվել կամ գերի ընկել»։ Նշվում է նաև, թե «հայկական զինված ուժերը ջրատարներ և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր են պայթեցրել ադրբեջանցիներով բնակեցված գյուղերում՝ լուրջ վնասներ հասցնելով կրթական, առողջապահական և այլ քաղաքացիական հաստատությունների»։ Այս փաստերով քրեական գործեր են հարուցվել։
Այնուհետև դատարանում ցուցմունք են տվել «տուժողները», պատասխանել պետական դատախազների, տուժողների ներկայացուցիչների և պաշտպանական կողմի հարցերին՝ «խնդրելով՝ արժանի պատիժ սահմանել մեղադրյալների նկատմամբ»։
Դատական նիստը կշարունակվի այսօր։
Ադրբեջանական բանտերում պահվող 23 հայերից 5-ը գերեվարվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Մյուս 18-ը, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդեն պատանդառվել են 2023-ին:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ցեղասպանությունից մինչև ահաբեկչություն ու ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, թե դատավարությունը կեղծ է, և Բաքուն ապօրինի, այդ թվում՝ հոգեներգործուն միջոցներով ցուցմունքներ է կորզում՝ տարածաշրջանում նոր լարվածության հրահրելու համար։