Մեր հանրության շրջանում նման ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է: Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել ուղիղ հակառակը. քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կանանց և տղամարդկանց ներգրավվածությանը կրթության, աշխատանքի որոշ ոլորտներում:
«Սա ամենամեծ մոլորությունն է: Իրականության մեջ խոսք կա՝ դե, տղա է, ոչինչ, թող մի քիչ էլ տենց բան… Իրենց թվում է՝ այդպիսով տղաներն ուժեղանում են: Բայց այդպիսով տղաները թու-լա-նում են բոլոր առումներով, զրկվում են կամքից, խելքից, ինքնուրույն մտածողության սեփական բանաձևեր ունենալու կարողությունից, ինչքան մարդը քրեական ենթամշակույթին մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է, ինչքան մոտ է քրեական իր մտածողության ձևերով, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում՝ աշխատանքի շուկայում կամ ցանկացած հարաբերության մեջ։ Սա ինձ համար աքսիոմա է, տեսական թեզ չէ, սա մի բան է, որ ես գիտեմ և՛ տեսականորեն, և՛ գործնականում, և սա ֆունդամենտալ պրոբլեմ է: Սա ասում եմ որպես մի մարդ, որը ժամանակ է անցկացրել քրեակատարողական հիմնարկներում»,- ասաց նա:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աղջիկների՝ կրթության ոլորտում նկատելի ակտիվությանը՝ մտավախություն հայտնելով, որ այդ առավելությունը վերոնշյալ երևույթի պատճառով է, և որ տղաների անբնական պասիվությունը քրեական ենթամշակույթի բերումով է: Նա նաև նկատեց, որ այս համատեքստում քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն կա, այն է՝ ինչպես անել, որ տղաներին մոտեցնեն գիտելիքին, կրթությանը և ընդհանրապես հանրային կյանքին: