Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքները պատճառած նյութական վնասների տեսանկյունից հանրության համար հսկայական բեռ են, բայց որ ավելի ցավալի է՝ խլում են անհամար մարդկային կյանքեր, շատերը դառնում են հաշվանդամ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով, ըստ վիճակագրության տվյալների, համաշխարհային մասշտաբով ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տարեկան գրանցվում է 1.2 միլիոն մահվան դեպք, իսկ վրաերթերի թիվը հասնում է 50 միլիոնի։
«Հայաստանում վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ, տարեկան կտրվածքով յուրաքանչյուր օր ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դառնում միջինը մեկ մարդ, վիրավորվում 16 մարդ։ Չնայած ենթակառուցվածքների և երթեւեկության կառավարման բարելավման ուղղված միջոցառումներին, արդյունքները, ինչպես տեսնում ենք, բավարար չեն և մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները։
Պատահարներին նպաստող գործոնները տարաբնույթ են, ներառյալ ոլորտի, կառավարման և ենթակառուցվածքային խնդիրները, տրանսպորտային միջոցների թվի աննախադեպ աճը, երթևեկության մասնակիցների ոչ բանիմաց լինելն ու երթևեկության կանոնները չպահպանելը, հանրակրթության ոլորտում առկա բացերը, երթևեկության մասնակիցների գիտակցության բարձրացման և քաղաքացիական պատասխանատվության խթանման ուղղությամբ ոչ բավարար աշխատանքները և շատ այլ գործոններ, որոնց մասին կարծում եմ՝ այսօր անկաշկանդ մենք կունենանք մտքերի փոխանակում, քննարկումներ և վերջում կհանգենք որոշակի եզրահանգումների»,- ընդգծեց Քոչարյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ նշված հարցերի վերաբերյալ մտքեր և առաջարկություններ լսելուց հետո մենք կկարողանանք իմի բերել ամենը և ծառայեցնել ավելի ապահով և կազմակերպված ճանապարհային համակարգի ստեղծման գործընթացին։ «Կոպիտ ասած, այս լսումների արդյունքում շատ հնարավոր է մենք սկսենք մտածել տվյալ ոլորտի ռազմավարություն ունենալու խնդիրների շուրջ»,- իր խոսքն ամփոփեց հանձնաժողովի նախագահը: