Հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր կոնցեպտ ենք ներդնելու, որը կարծում եմ՝ նաև օրինակելի փորձառություն կլինի մեր պետական մյուս գերատեսչությունների համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, «Կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները՝ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում» թեմայով մամուլի ասւլիսի ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:
«Նկատի ունեմ ծառայության մատուցման որակը, որովհետև լավ փորձառություն է բերվում Հայաստան: Մենք 23 գրասենյակներ կունենանք մասնավորի կողմից, 2-3-ը կլինեն Երևանում, մնացածը կլինեն մարզերում։ Այս գրասենյակներում են ընդունվելու, քաղաքացիների դիմումները, անձը հաստատող փաստաթուղթ ստանալու վերաբերյալ՝ կլինի անձնագիր, թե նույնականացման քարտ, այլ տեսակի անձը հաստատող փաստաթղթեր:
Գիտեմ, որ կան մտահոգություններ հանրային ընկալումների իմաստով, որ քիչ է գրասենյակների թիվը, մենք նախկինում ունեինք 63-ը: 2023 թվականին միգրացիայի և քաղաքացիության ծառայության հիմնադրմամբ թիվը դարձավ 47, սա արդեն իսկ ի հայտ բերեց մեր որոշ համաքաղաքացիների դժգոհությունը, հիմա էլ դառնում է 23, բայց պետք է նշեմ, որ ծառայությունները մատուցվելու են թվայնացված եղանակով և, ըստ էության, գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը դառնալու է մի քանի տարին մեկ անգամ»,-ասաց նա:
Նելլի Դավթյանը նկատեց, որ երբ կար անձնագրում ելքի կնիք ունենալու անհրաժեշտություն, այդ ժամանակ գուցե իմաստ ուներ, որ այդքան շատ և լայն աշխարհագրական բաշխվածություն ունենա ցանցը. «Այս նոր տեխնոլոգիաների ներդրման պայմաններում և աշխարհի լավագույն փորձը հաշվի առնելով, 23 գրասենյակը բավարարելու է»:
Հարցին՝ համայնքներում, մարզերում կպահպանվի՞ թղթային տարբերակը գոնե սկզբնական փուլում, նա պատասխանեց. «Ինքը պրոցեսը թվայնացված է, գրասենյակում դիմի անձը, թե էլեկտրոնային եղանակով: Այսինքն բիոմետրիկ տվյալների հավաքագրումը թղթային պրոցես չի ենթադրում, որևէ թուղթ չի լինելու: Բայց անձը, ով կդժվարանա այդ նախագրանցում կոչվող գործընթացը իրականացնել կայքի միջոցով էլեկտրոնային հարթակում տանից, նա կարող է մոտենալ գրասենյակ: Այսպես թե այնպես, կենսաչափական տվյալների հավաքագրումը տեղում է իրականացվում, մատնահետքի, դեմքի նկարանման աշխատանք է տարվում՝ նոր տեխնոլոգիաներով: Մենք խոշոր և միջին գրասենյակներում ներդնելու ենք «բոլորը մեկում» կոչվող տեխնիկական լուծումը, որը մեկ սարք է: Մենք հաճախ այդ սարքը հանդիպում ենք տարբեր միջազգային սահմաններին, օդանավակայաններում, որի դիմաց անձը կանգնում է և մատնահետքը, և լուսանկարը տեղում իրականացվում է:
Լինելու են, իհարկե, շատ արագացված ու ճկուն ծառայություններ, այդ թվում նաև առաքման ծառայություններ, մասնավորը կհայտարարի, իհարկե, իր գնային քաղաքականությունը ավելի ուշ, բայց կարծում եմ արժանապատիվ հանրային ծառայությունների մոդել ենք ունենալու»,- վստահություն հայտնեց Նելլի Դավթյանը: