Հայաստանը կարող է կամուրջ լինել Վիետնամ-ԵԱՏՄ շրջանակում. Արշակյանն ու Չան Թան Մանը ելույթներ են ունեցել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ՀՀ-ում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ապրիլի 2-ին կայացել է Վիետնամ-Հայաստան կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Հակոբ Արշակյանը նախ ողջունել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի եւ նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան: ԱԺ նախագահի տեղակալը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ առեւտրաշրջանառությունը վերջին տարիներին բավականին արագ տեմպերով աճում է՝ փաստելով, որ զգալի չօգտագործված ներուժ կա: Այս համատեքստում նա կարեւորել է հատկապես ալկոհոլի, թարմ մրգերի, տարբեր տեսակի գյուղատնտեսական եւ այլ արտադրանքների արտահանման ու ներմուծման տեմպերի զարգացումը, ապրանքաշրջանառության եւ ծառայությունների խթանումը, համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության եւ այլ բնագավառներում:

Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին, ինչպես նաեւ Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջեւ փոխգործակցության հարուստ փորձ է ձեւավորվել, կրթամշակութային, գիտական ոլորտներում կան ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել:

«Բազմահազար վիետնամցի ուսանողներ սովորել են հայկական բուհերում, փոխադարձաբար կրթական, գիտական միջավայրերում եղել է փոխգործակցություն: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ կա փոխադարձ ջերմ վերաբերմունք մեր ժողովուրդների միջեւ, եւ դա, իհարկե, շատ լավ հիմք կարող է ծառայել նաեւ տնտեսական կապերի զարգացման համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը ողջունել է նման նախաձեռնության շնորհիվ գործարարների միջեւ երկխոսության հարթակի ստեղծումը եւ համոզմունք հայտնել, որ տնտեսական զարգացումը կարեւոր դեր ունի երկու երկրների ժողովուրդների եւ պետական մակարդակի հարաբերությունների ընդլայնման հարցում:

Հակոբ Արշակյանի գնահատմամբ բարձրաստիճան այս այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի եւ Վիետնամի միջեւ թե՛ տնտեսական, թե՛ կրթամշակութային եւ թե՛ քաղաքական կապերի զարգացմանը: Այս առումով ԱԺ նախագահի տեղակալը վկայակոչել է վերջերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Վիետնամ եւ համոզմունք հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցերը շարունակական բնույթ կկրեն եւ կծառայեն մեր երկրների ու ժողովորդների միջեւ հարաբերությունների խթանմանը:

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը եւ խոսել երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, գործարար շրջանակների համագործակցության եւ նոր նախաձեռնությունների իրականացման կարեւորության մասին: Նա եւս փաստել է, որ մի շարք ոլորտներում կա չօգտագործված ներուժ: Չան Թան Մանի համոզմամբ Հայաստանը կարող է կամուրջ լինել Վիետնամ-ԵԱՏՄ շրջանակում, ինչը փոխադարձ արդյունավետ կարող է լինել:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, Վիետնամի կառավարության եւ ԱԺ ներկայացուցիչներ, երկու երկրների գործարարներ: Քննարկվել են երկու պետությունների միջեւ տնտեսական կապերի ակտիվացման, նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930