Պետբյուջեից 7 մլն 550 հազար դրամ է ծախսվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների Հայաստան այցի համար. Factor

Հայաստան-Թուրքիա կարգավորման նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար ծախսվել է 7 550 280 դրամ, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ մանրամասնելով, որ գումարը ծախսվել է տեղափոխման, կեցության և սննդի վրա։

ՊՈԱԿ-ից միևնույն ժամանակ հայտնել են, որ թուրքական լրատվամիջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի հատկացվել։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ից նաև փոխանցել են, որ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները գիշերել են «Արմենիա Մարիոթ հյուրանոցում»։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» Հայաստանի պաշտոնական դիրքորոշումներն արտաքին լսարանին ներկայացնելու գործառույթի շրջանակներում պարբերաբար իրականացնում է Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկրներից լրատվամիջոցների ներկայացուցիչների, փորձագետների այցեր և մեդիատուրեր դեպի Հայաստան, ինչպես, օրինակ, արդեն իսկ իրականացվել են այցեր Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Հնդկաստանից և Թուրքիայից»,- ընդգծել են ՊՈԱԿ-ից։

Ավելի վաղ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանn ասել էր, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախաձեռնությամբ և պետբյուջեի հաշվին թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Հայաստան եռօրյա մեդիատուր էր կազմակերպվել։ Ըստ կենտրոնի տնօրենի՝ Հայաստան են հրավիրել թուրքական առաջատար և լայն լսարան ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ և՛ պետական, և՛ պրոիշխանական, և՛ ընդդիմադիր դիրքորոշում ունեցողների, ինչպես նաև հայալեզու «Ակոս» թերթի ներկայացուցիչը։

«ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը, նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր»,- նշել էր ՊՈԱԿ-ի տնօրենը։

Հավելենք նաև, որ այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930