Հայաստանի իշխանությունները ոչ միայն որեւէ քայլ չեն ձեռնարկում, այլեւ իրենց վարքագծով շատ հաճախ վնասում են Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան

«Արդեն երրորդ օրն է՝ Մանե Թանդիլյանը եւ մեր մյուս ընկերները հացադուլի մեջ են: Իրենց եւ մեր բոլորի խնդրանքն է Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնել հացադուլը, որն արդեն կյանքի հետ խնդիրների առաջացման փուլում է: Արդեն երկրորդ շաբաթն է ու սա երկրորդ հացադուլն է, որ Ռուբեն Վարդանյանը հայտարարում է ի նշան Բաքվում տեղի ունեցող իրադարձությունների դեմ բողոքի: Սա շատ ծայրահեղ քայլ է, որ բարձրացվում է՝ ուղղված միջազգային հանրությանը: Ցավոք, միջազգային հանրությունը, որը ցանկացած պարագայում պարտավոր է մարդու իրավունքների նմանատիպ ոտնահարումները, նման վայրագությունները կանխարգելել, առնվազն լռում է: Կարծում եմ, լռությունը ավելի շատ այս հանցագործությանն աջակցություն է: Հետեւաբար, մենք էլ մեր այս բողոքի ձայնն ենք բարձրացնում՝ ուղղված միջազգային հանրությանը, որ նման վայրագություններին արագ եւ հստակ արձագանքի»,- Ազատության հրապարակում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Պարոն Առաքելյանը կոնկրետ գործողությունների որեւէ ակնկալիք չունի ոչ Հայաստանի կառավարությունից եւ ոչ էլ որեւէ այլ կառույցից: «Հայաստանի իշխանություններից կամ որեւէ կառույցից ակնկալիք ունենալը, կարծում եմ, անմտություն է: Իրենք ոչ միայն որեւէ քայլ չեն ձեռնարկում, այլեւ իրենց վարքագծով շատ հաճախ վնասում են Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին: Հետեւաբար, այլեւս հասել է այն փուլը, որ Հայաստանի իշխանություններից միակ ակնկալիքը, որ պետք է անեն, հեռանալն է: Միայն նոր, որակյալ իշխանության պարագայում է հնարավոր այս հարցն արագ կարգավորել: Մարդու իրավունքների պաշտպանը եւ չակերտավոր մյուս անկախ կազմակերպությունները իրականում իշխանության կցորդներն են եւ իրենց լռությունը տեղավորվում է իշխանության վարքագծի շրջանակներում»,-ասաց պարոն Առաքելյանը:

Մեր խնդրանքով նա նաեւ կարճ տեղեկացրեց Մանե Թանդիլյանի ինքնազգացողության մասին, քանի որ տեղեկություն էր տարածվել, որ նրա առողջությունը վատացել է: «Արդեն հացադուլի երրորդ օրն է եւ այս պահին որոշակի խնդիրներ կան: Պարբերաբար բժշկական հսկողություն է իրականացվում: Հույս ունենք, որ Ռուբեն Վարդանյանը եւ Մանե Թանդիլյանը այս ծայրահեղ քայլը առաջիկա օրերին կդադարեցնեն: Մանե Թանդիլյանի խնդրանքը եւ հացադուլի ձեւակերպումը ուղղված է նրան, որ Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը: Ինչքան էլ ծանր է եղել նաեւ մեր համար, մեր ընկերների համար, առկա է որոշում՝ հացադուլը շարունակել այնքան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարում: Տեղեկատվական սահմանափակումների պատճառով, որ կան պարոն Վարդանյանի եւ մեր մյուս ռազմագերիների մասով, այս պահին մենք նոր տեղեկություն չունենք նաեւ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին: Այսօր մեր մյուս ռազմագերիների, վաղը՝ Ռուբեն Վարդանյանի դատական նիստերն են: Հուսով ենք, որ գոնե այդ նիստերից վիզուալ որեւէ դրական տեղեկություն կփոխանցվի»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930