ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Խոսելով տարիներ ի վեր ձևավորված համագործակցության օրինակելի ավադույթներից՝ կողմերն արձանագրել են երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը:
Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպմանը կարևորվել է արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակումը՝ ներառյալ արդարադատության համակարգի թվայնացման, դատաիրավական, անձնական տվյալների պաշտպանության, տեղեկատվության ազատության ապահովման և մի շարք այլ ոլորտներ:
Այս իմաստով կարևորվել է Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների պարբերական հանդիպում-քննարկումներն իրավական ֆորումի շրջանակում: Նախորդ տարի հյուրընկալ երկիր է եղել Հայաստանը, այս տարի ակնկալվում է, որ ֆորումը կանցկացվի Վրաստանում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ իր իրավասության շրջանակում գործադրելու է բոլոր ջանքերն ի նպաստ հետագա համատեղ ծրագրերի իրականացման: