Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներում եւ աֆիլացված արբանյակներում։
Այս մասին Նազելի Բաղդասարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներում եւ աֆիլացված արբանյակներում։ Սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ Գյումրիի ընտրապայքարը ընդդիմադիրների խմբակը դիտում է որպես միակ և վերջին միջոց, որով կարող են պահել ժողովրդից թալանված և յուրացվածը։
Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալուստրացիայի պատճառ։ Ժողովրդի հաշվին հարստացածների հիստերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են, և օրինական ճանապարհով ամեն բան հատիկառհատիկ վերադարձվելու է»,- գրել է Բաղդասարյանը։