Skip to main content

Գյումրիի ընտրություններին մասնակցելու «ինքնահայտարարագրվածները» մեկ նպատակ ունեն՝ պաշտպանել «գողացածը»․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում հայտարարեց, որ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու «ինքնահայտարարագրվածները» մեկ նպատակ ունեն՝ պաշտպանել «իրենց թալանածը»:

«Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունն ունի մի համատեքստ՝ նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին և ճակատամարտին», — «Քաղաքացիական պայմանագրի» միջոցառմանը ասաց վարչապետը:

Նա ընտրությունների մասնակիցներից միայն նախկին քաղաքապետ, Կոմկուսի ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի անունը տվեց: Սակայն, ընդգծեց, որ «Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի»՝ հայտարարելով, թե դրանք նախկին դեսպան Միքայել Մինասյանինը, Վարդան Ղուկասյանինը, երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանինն ու Սերժ Սարգսյանինն են:

6 կուսակցություն և 3 դաշինք է առաջադրվել՝ մասնակցելու Հայաստանի երկրորդ քաղաքում մարտի 30-ին կայանալիք ընտրություններին: Ամենամեծ նախընտրական ցուցակը Գյումրիում ժամանակավոր կառավարումն իր ձեռքը վերցրած «Քաղաքացիական պայմանագիր»-ն է ներկայացրել՝ 99 հոգի: Ցուցակի առաջին համարը քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է:

Գյումրիի ընտրություններին իրենց թեկնածությունը ներկայացրած քաղաքական ուժերը դեռ չեն արձագանքել վարչապետի այս հայտարարությանը:

Առաջադրվելու փաստաթղթեր են ներկայացրել «Իմ հզոր համայնքը», վերջինիս ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, Կոմկուսը, որի ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Եվրոպամետ 3 ուժերի ձևավորած «Եվրադաշինքը», որի քաղաքապետի թեկնածուն Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է: ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և հանրությանը ոչ այնքան հայտնի «Միացյալ Հայաստան» կուսակցություններից ձևավորված «Մեր քաղաքը» դաշինքով է առաջադրվել: Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն գործարար, անկուսակցական Կարեն Սիմոնյանն է: Առաջադրվել է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը»՝ քաղաքապետի թեկնածու նախկին երգիչ Արտյոմ Թումանյանի առաջնորդությամբ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է գործարար Արտյոմ Ղարաղազարյանը։

Նիկոլ Փաշինյանը այլ պնդումներ էլ արեց, նախ չընդունեց վերջին տարիներին իշխանությանն ուղղված քննադատությունները, որ հեղափոխությունից հետ խոստանալով թալանվածը վերադարձնել, այդ գործում այդքան էլ մեծ հաջողության չեն հասել: Նա շեշտեց, որ այժմ իրավական կառույցներն են դրանով զբաղվում, և որ ապօրինի գույքը վերադարձնելու ինստիտուտը իրավական գործընթաց է ու կախված չէ քաղաքական կամքից:

«Ռենջ րովեր» առ «Ռենջ րովեր» ենք վերադարձնելու, «Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ» առ «Յաշիկ», — ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31