Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Մասուդ Փեզեշքիանին, հայտնում է IRNA գործակալությունը։

Իրանական լրատվամիջոցները, վկայակոչելով X-ում Զարիֆի հայտարարությունը, նշում են, որ փոխնախագահը հրաժարական է ներկայացրել դատական իշխանությունների առաջարկով՝ մեղմելու ճնշումը նախագահի վարչակազմի վրա։ Նա ծրագրում է վերադառնալ ակադեմիա՝ դասախոսության։

Նախագահը դեռ չի ստորագրել հրաժարականի դիմումը։

Զարիֆն 2024-ի օգոստոսի սկզբին էր Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով նշանակվել Իրանի նախագահի ռազմավարական հարցերով տեղակալ։ Նշանակումից օրեր անց նա նույն պատճառաբանությամբ հայտարարել էր իր հրաժարականի մասին, սակայն նախագահն այն չէր ստորագրել։

Փոխնախագահի պաշտոնում նշանակվելուց հետո Զարիֆը հայտնվել էր մի խումբ օրենսդիրների քննադատության թիրախում։ Նրանք պնդում էին, որ Զարիֆի նշանակումն այդ պաշտոնում անօրինական է, քանի որ նրա երեխաներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է:

Իրանի օրենսդրության համաձայն, օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձինք կամ ում ընտանիքի անմիջական անդամներերից գոնե մեկը օտարերկրյա քաղաքացիություն ունի, չեն կարող նշանակվել Իրանի կառավարությունում կարևոր պաշտոնների։

Նախագահը փոփոխությունների օրինագիծ է ներկայացրել խորհրդարան։ Ընդունվելու դեպքում այն թույլ կտա անձանց նշանակվել պաշտոնների, եթե նրանց երեխաներն իրենց ընտրությամբ չեն ստացել օտարերկրյա քաղաքացիություն, ինչպես, օրինակ, Զարիֆի պարագայում․ նրա երեխաները ծնվել են ԱՄՆ-ում, երբ Զարիֆն այնտեղ ուսանող էր։

Հարցը խորհրդարանում դեռ չի քննարկվել։ Իրանական լրատվամիջոցները նշում են, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին կողմ է այս փոփոխութանը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930