Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, Բաքվում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։

Ադրբեջանական կողմը նշում է, որ կողմերը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում այսօր առկա նոր հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև ընդգծել, որ «տարածաշրջան արտաքին ուժերի ներգրավումը լավ բան չի խոստանում»։

Ղալիբաֆը վստահություն է հայտնել, որ «3+3» ձևաչափը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «3+3» ձևաչափում Վրաստանի առջև դռները միշտ բաց են, աթոռն էլ՝ դրված»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031