Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տատիկի և կնոջ՝ Բրիջիթի շնորհիվ ամբողջ կյանքն անցկացրել է հասարակությունից մեկուսացված, և նրանց ազդեցության պատճառով նա ի վիճակի չէ ընդունել իր սխալ լինելը։ Այս մասին գրում է The Telegraph թերթը՝ հղում անելով ֆրանսիացի գրող Կատրին Նայի հեղինակած քաղաքական գործչի նոր կենսագրությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նայի հետ զրույցներում Մակրոնը խոստովանել է, որ ինքը «դեռևս երեխա է»։ Միևնույն ժամանակ, ըստ Նայի դիտարկումների և Ֆրանսիայի առաջնորդի գործընկերների ու նախկին ընկերների կարծիքների՝ նա ի վիճակի չէ ընդունել սեփական սխալը։ Նման բնավորությունը Մակրոնի կյանքում երկու կանանց՝ տատիկի՝ Մանետի և կնոջ՝ Բրիջիթի ազդեցության արդյունք է դարձել, կարծում է Նայը։
Մանետը դպրոցի տնօրեն էր և ցանկանում էր իր թոռից ստեղծել իր «գլուխգործոցը», ուստի մեկուսացրել էր նրան գրքերի և ուսման աշխարհում, գրում է պարբերականը։ Երբ ապագա նախագահը 14 տարեկան էր, նա սկսեց հանդիպել իր հասակակցուհու հետ, ինչը դուր չեկավ տատիկին, որը նրան հետ ուղարկեց ծնողների մոտ։ Ինչպես գրում է Նայը գրքում, Մակրոնը վերադարձել է բարեկամուհու մոտ՝ խոստանալով, որ այլևս «չի նայի աղջիկներին»։
«Էմանուելը մինչ օրս չի համակերպվել տատիկի մահվան հետ։ Նա ոչ ոքի հետ չի փոխարինել նրան իր կյանքում։ Նա պետք է հոգեվերլուծության կուրս անցնի», — ասել է Բրիջիթը Նայի հետ զրույցում։
Տատիկը նաև դարձել է Մակրոնի առաջին «քաղաքական դաստիարակը», քանի որ նրան ստիպում էր բարձրաձայն կարդալ ֆրանսիացի դասականներին, ինչն օգնել է նրան ձևավորել հռետորական վարպետություն։ Ըստ Նայի՝ դա նաև Մակրոնին չափազանց ինքնավստահ է դարձրել։
«Ինքնավերլուծությունը նրա ինտելեկտուալ աշխարհի մաս չէ։ Նույնիսկ եթե նա ներողություն է խնդրում, նա կվերադառնա ձեզ մոտ՝ բացատրելու, որ ինքը ճիշտ էր», — գրում է Նայը։
Տատիկն ապագա նախագահին ներշնչել է մեծ գրող դառնալու երազանքը, սակայն ի վերջո նա հրաժարվել է այդ երազանքից, երբ ոչ մի հրատարակչություն չի համարձակվել հրապարակել նրա վեպը։ Երբ Մակրոնը, լինելով դպրոցական, ծանոթացել է ավելի հասուն Բրիջիթի հետ, նա առաջարկել է միասին պիես գրել, ինչը պատրվակ էր միասին ժամանակ անցկացնելու համար, գրում է թերթը։ Երբ Բրիջիթը նրանից հետաքրքրվել է, թե արդյոք նա երեխաներ է ուզում իրենից, վերջինս բացասական է պատասխանել՝ ասելով, որ ցանկանում է միայն, որ նա «հետաքրքրվի միայն իրենով»։
Մակրոնի մեկուսացման վերջին փուլը Նայը համարում է նախագահի աթոռին նրա անցկացրած տարիները, իսկ հատկապես՝ 2024 թվականից սկսված վերջին հատվածը։ Այդ տարվա ամռանը Ֆրանսիայի նախագահը հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին, որոնք արդյունքում հանգեցրին պոպուլիստական ուժերի հաղթանակին, իսկ նախագահի կողմից աջակցվող աջ կենտրոնամետները հայտնվեցին խոցելի դիրքում՝ նոր նախագահի ընտրություններից երեք տարի առաջ։ Ըստ Նայի՝ հենց Մակրոնի ինքնավստահությունն է դարձել արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու որոշման պատճառը։






































