Սալոմե Զուրաբիշվիլիի վրա Թբիլիսիի օդանավակայանում ձվեր են նետել

Մյունխենի համաժողովից այսօր Թբիլիսի վերադարձած Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա անհայտ անձինք Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձվեր են նետել, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։

Նախօրեին Թբիլիսիի օդանավակայանում ձվերով հարձակման էր ենթարկվել նաև «Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիան։

Հավաքվածներն, ըստ հաղոդրագրության, վիրավորական վանկարկումներ են հնչեցրել Գախարիայի հասցեին՝ «դավաճան», « USAID-ի ֆինանսավորումը վերջացել է, հիմա էլ ԵՄ-ի՞ց ես օգնություն խնդրում»։ Քաղաքական ուժը պնդում է, որ օդանավակայանում գտնվող ոստիկանները չեն միջամտել տեղի ունեցածին։ Գախարիան ևս վերադառնում էր Մյունխենից, որտեղ մասնակցում էր Անվտանգության միջազգային համաժողովին։

«Ազատության» վրացական ծառայությունը նշում է, որ Գախարիայի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, իշխոց «Վրացական երազանք» կուսակցության «Ժողովրդական իշխանություն» հեռուստաընկերության հաղորդավար Նատիա Բերիձեն Ֆեյսբուքի իր էջում նշել էր Զուրաբիշվիլիին և գրել. — «Հիմա քո հերթն է, քույրիկ»։ «Երբ իջնեք, անձրևանոց հագեք, թե չէ ձվի հոտը ձեզ դեռ երկար կխանգարի»։

Այսօր ավելի ուշ «Վրացական երազանքի» պատգամավոր Դավիթ Մատիկաշվիլին Զուրաբիշվիլիին անվանել է «քաղաքական ոչնչություն», որը «շարունակում է դավաճանել հայրենիքը», իսկ հասարակությունն էլ, ըստ նրա, «պատասխանում է» նրան։

«Գնում է օտար երկրներ, փորձում է վնասել երկիրը։ <․․․> Ակնհայտ է, որ հասարակությունը որոշակի կերպ արձագանքեց դավաճանությանը», — ասել է Մատիկաշվիլին:

Զուրաբիշվիլիի գրասենյակը դեռ չի արձագանքել միջադեպին։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728