Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Կիևը չի մասնակցելու Սաուդյան Արաբիայում փետրվարի 18-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև նախատեսվող բանակցություններին։
BBC-ն նշում է, որ Զելենսկին այս մասին հայտնել է, երբ ինքն էլ պատրաստվում է այցելել Սաուդյան Արաբիա։
«Ուկրաինան համարում է, որ Ուկրաինայի շուրջ ցանկացած բանակցություն՝ առանց Ուկրաինայի, որևէ արդյունք չի ունենա, և մենք չենք կարող ճանաչել…. առանց մեր մասնակցության մեզ վերաբերող համաձայնությունները», — ասել է Զելենսկին լրագրողներին։
Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա իր այցերը համաձայնեցվել են նախապես, այսինքն՝ այդ այցերը կապ չունեն ԱՄՆ-ՌԴ բանակցությունների հետ։
Զելենսկին Սաուդյան Արաբիա կայցելի փետրվարի 19-ին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ օրը։
Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։ Ռուսական կողմից Սաուդյան Արաբիա են մեկնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։