Բաքուն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուեւին։ Այս մասին հայտնլ է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի զբոսաշրջության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուեւի վիրավորական, սպառնալից հայտարարությունները՝ ուղղված Ադրբեջանի եւ մեր ժողովրդի դեմ, բացարձակապես անընդունելի են»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ պատգամավորի մուտքը հանրապետություն արգելվել է «վիրավորական հայտարարությունների եւ սպառնալիքների» պատճառով, որոնք նա, իբր, արել է Ադրբեջանի եւ նրա ժողովրդի հասցեին։ «Ադրբեջանի դեմ այս պատգամավորի հայտարարությունների հետ կապված՝ նրա անունը ներառվել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքն Ադրբեջանի Հանրապետություն արգելված է»,- ասել է նա։
Հաջիզադեն ընդգծել է, որ առաջին դեպքը չէ, երբ ռուս պատգամավորներն ընդգրկվում են պերսոնա նոն գրատա անձանց ցուցակում։ Նա հիշեցրել է, որ այն նախկինում համալրել են պատգամավորներ Կոնստանտին Զատուլինը եւ Վիտալի Միլոնովը։
Ավելի վաղ Նիկոլայ Վալուեւն իր Telegram-ալիքում քննադատել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում Ռուսական տան փակումը։ Քաղաքական գործիչը նաեւ կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին ուշադրություն դարձնել Ռուսաստանում գործող ադրբեջանական սփյուռքին։ Ըստ նրա՝ նման կազմակերպությունները գործում են հանուն փողի, ընդ որում՝ միշտ չէ, որ լեգալ են գործում։