Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին տասն օրում չորրորդ սկանդալի մեջ հայտնվեց: Ավինյանը երեկ ուշ երեկոյան ներողություն խնդրեց ավտոկայանատեղիների մասին իր հոր տված պատասխանների համար:
«Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցնում, և վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության՝ խցանման նյարդի, միգուցե նաև մի փոքր էլ լրագրողի նկատմամբ նյարդի ազդեցության հետևանքներ են, և շատ ափսոսում եմ ասված բառերի համար և ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում դրա համար», — հայտարարեց Ավինյանը՝ շարունակելով. — «Իսկ իմ հայրը շատ ավելի պարզ մարդ է, նա քաղաքական գործիչ չէ և իրականում նյարդի և նյարդերի կառավարման տեսանկյունից վստահորեն շատ ավելի դյուրին է տրվում պրովոկացիաների: Բայց ես ևս մեկ անգամ ուզում են ներողություն խնդել ասվածի համար, և ես կարծում եմ, որ այսուհետ մենք բոլորս միասին պետք է մի փոքր ավելի ուշադիր լինենք մեր խոսքում, անկախ նրանից… չնայած իմ հայրը Երևանի քաղաքապետարանում չի աշխատում»:
«Դա նյարդի, պահի տակ ասված խոսքեր են, որը որ շատ երկար կփորձեն շրջանառել: Ես ներողություն եմ խնդրում դրա համար, ուզում եմ իմանաք, որ դա ինձ համար ուղղակի անընդունելի խոսքեր են եղել», — ասաց քաղաքապետը երևանցիներին ուղղված իր խոսքում:
Տիգրան Ավինյանի հայրը ավտոկայանատեղիների վերաբերյալ լրագրողի հարցին արձագանքել էր. — «Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ իր գեղի «Opel»-ով չգա կանգնի ստեղ»:
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքելով տեղի ունեցածին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է. -«Սա սոսկ պատահականություն չէ, սա, ցավոք, մեր երկրում կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխարհայացքն է, մտածելակերպն ու իրենց իշխանություն շնորհած ժողովրդի հանդեպ վերաբերմունքը: Այս ամենին պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի, և ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա այդ գնահատականը»։