Դեկտեմբերի 8-ին «Գլենդել հիլզ» թաղամասի Արգիշտի 15 և 17 շենքերի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այն հարցի հետ կապված, որ արդեն 10 տարի է՝ չի հաջողվում դառնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժանորդ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վիճակը սրվել է օրեր առաջ, երբ այդ երկու շենքերի հոսանքի մատակարարումը ՀԷՑ-ը դադարեցրել է՝ պատճառաբանելով, որ նրանք իրենց պարտավորությունները չեն կատարում և երկար ժամանակ է պահանջվել, որ հոսանքի մատակարարումը վերականգվի։
Բնակիչները նշել են, որ արդեն 10 տարի է՝ պայքարում են, որ ՀԷՑ-ի և «Վեոլիա ջրի» բաժանորդ դառնան: «Ունենք լիազոր, ով նայում է հաշվիչների ցուցմունքները, հաշվում և հավաքագրում գումարները, բայց դրա դիմաց մեզ կտրոն չեն տրամադրում, ուստի չի բացառվում, որ օրերից մի օր գուցե մեզնից կպահանջեն այսքան տարիների բոլոր գումարները։ Երբ դիմում ենք հոսանքի բաժանորդ դառնալու համար, մեզ ասում են, որ իրենք խնդիրներ ունեն «Գլենդել հիլզ» ընկերության հետ, շենքի վերջնական ակտը չկա և դրա համար չենք կարող բաժանորդ դառնալ»,-ասել են նրանք:
Հիմա բնակիչները ստորագրահավաք են սկսել, որ դիմեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին: