Մոսկվան Հայաստանում նոր ռազմական կցորդ է նշանակել, դեսպան Սերգեյ Կոպիրկինը գնդապետ Ալեքսանդր Գորյանովին այսօր ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Նախարարությունը տեղեկացնում է՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Գերատեսչությունը հավելում է ՝ հանդիպման ընթացքում երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Երեկ Ռուսաստանի նախագահը Աստանայում հայտարարել է՝ Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել, այդ կերպ բացատրելով ՀԱՊԿ-ի կողմից չմիջամտելը։
Երևանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։