Դատախազը միջնորդել է նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը:

Դատախազն այս նիստի ընթացքում միջնորդել է նոր մեղադրանք առաջադրել Մարտի 1-ի գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին՝ Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով։

Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս անգամ իրենց կամքով ներկայացել էին դատական նիստին։

Հիշեցնենք՝ նախորդ նիստին դատարանը որոշել էր Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ նոյեմբերի 28-ի նիստում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի փաստաբանները հայտարարել էին, թե իրենց նախկին պաշտպանյալները մեղադրյալի կարգավիճակ չունեն, հետևաբար պարտավոր չեն ներկայանալ դատարան, և հարկադրաբար ներկայացնելը իրավաչափ չէ:

Հիշեցնենք, որ ՍԴ որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը համարել է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար:

Սույն գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Սեյրան Օհանյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Արմեն Գևորգյանը մեղադրվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031