Աստղագիտության աստեղային ժամանակները Հայաստանում և հանրակրթության դերը բյուրականյան ժառանգության արժևորման գործում

Բյուրականի աստղադիտարանի տարեգրությունը

Արագածի հարավային լանջին իր պատվավոր տեղն է զբաղեցրել ճարտարապետ Սամվել Սաֆարյանի և Սարգիս Գուրզադյանի կողմից նախագծված ու կառուցված Բյուրականի ճարտարապետական համալիրը՝ Բյուրականի աստղադիտարանը։ 78 տարվա պատմություն ունեցող ՀՀ ԳԱԱ 33 ինստիտուտներից մեկը՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի գիտահետազոտական ինստիտուտը իր հիմնադրման տարիներից ի վեր ձեռք է բերել տարբեր պաշտոնական կարգավիճակներ։

«2013թ․ ՀՀ Կառավարության կողմից ստացել է ՀՀ Ազգային արժեքի կարգավիճակ։ Այն Մատենադարանի և Ցեղասպանության ինստիտուտի հետ մեկտեղ ՀՀ 3 ազգային արժեքներից մեկն է։
Աստղագետ Բենիամին Մարգարյանի շրջահայությունը 2011թ․ ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանի փաստագրական արժեք։ 2015թ․ Միջազգային աստղագիտական միության կողմից շնորհվել է հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ։ Հայկական վիրտուալ աստղադիտարանը ստեղծվել է 2005թ․-ին, ընդ որում, աշխարհում միայն 22 երկիր ունի վիրտուալ աստղադիտարան։ Որքան էլ տարօրինակ հնչի, ԲԱ-ի շնորհիվ Բյուրական գյուղը հայտնվել է այն 10 խոշոր «քաղաքների» շարքում, ինչպիսիք են՝ Փարիզը, Հռոմը, Վիեննան, Պեկինը և այլն, որտեղ առավել հաճախ անցկացվել են Միջազգային աստղագիտական միության պաշտոնական գիտաժողովներ»,- գիտական լրագրության 15-ամյակի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով ԲԱ տարեգրությունը՝ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն՝ Արեգ Միքայելյանը։ Վերջինիս խոսքով՝ ԲԱ-ն Միջազգային աստղագիտական միության կողմից առաջարկ է ստացել լինել աշխարհում աստրոտուրիզմի կոորդինատորը։ «Իհարկե, նման առաջարկի ընդունման պարագայում հսկայական ֆինանսական ներդրում է պահանջվում, չնայած, այդպիսի հսկայածավալ աշխատանքը կազմակերպական ռելսերի վրա դնելու համար մենք արդեն ունենք կայքէջ և այդ պատասխանատվությունը ստանձնելու առաջին քայլերն արդեն իսկ արված են»,- ասաց նա։

ԲԱ տարածքը 52հա է, որտեղ, ի թիվս այլ դիտակների, ընդգրկված են 2,6մ հայելու տրամագծով Կասեգրեն համակարգի աստղադիտակը և 1մ հայելու տրամագծով Շմիդտի համակարգի աստղադիտակը, ուսումնական նպատակներով գործածվող դիտակներ, վարչական մասը, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը, ԲԱ պանթեոնը։

Ծովի մակերևույթից 1406մ բարձրության վրա գտնվող ԲԱ այս տարածքն ընտրվել է Վ․ Համբարձումյանի կողմից, ով առանձնահատուկ կարևորություն է տվել ոչ այնքան տարածքի բարձրությանը, որքան օդի որակին։ Ինչպես նշեցին ԲԱ աստղագետներն ու Շմիդտ 1մ հայելիով դիտակի էքսկուրսավար Հասմիկ Սաղաթելյանը, մթնոլորտային օդի որակը գլխավոր նախապայմանն է Տիեզերքում ուսումնասիրություններ կատարելու համար։ «Օդում փոշու կոնցենտրացիայի առկայությունը դիտումներ կատարելու գլխավոր խոչընդոտն է։ Ահա թե ինչու է ընտրվել այս տարածքը աստղադիտարանի համար։ Նույնիսկ գիշերը լիալուսնի առկայության պայմաններում անհնար է դիտումներ կատարել, պետք է լինի կատարյալ մթություն, որպեսզի տիեզերքի պատկերները դիտվեն հնարավորինս առավելագույն ճշգրտությամբ», -ասաց էքսկուրսավար Հ․ Սաղաթելյանը։

«ԲԱ տված գիտական արդյունքը, որը տվել է աստղագետ Բենիամին Մարգարյանը՝ Վ․ Համբարձումյանից հետո երկրորդ գիտաշխատողը, 1965թ․-ին Շմիդտ 1մ հայելու տրամագծով դիտակով շրջահայություն է սկսում, որը տևում է 15 տարի։ Այդ տարիների ընթացքում նա գտել է 1500 գերմանուշակագույն ճառագայթների ավելցուկով գալակտիկաներ։ Հետագայում դրանք կոչվեցին Մարգարյանի գալակտիկաներ։ Այս շրջահայությունը 2011թ․ ընդգրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում, որպես փաստագրական արժեք։ Շրջահայությունը ներառում է Տիեզերքի երբևէ կատարված ամենամեծ աստղագիտական սպեկտրադիտական ուսումնասիրությունը։ Այն Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի 12 արժեքներից մեկն է։ Բ․ Մարգարյանի շրջահայությունը առաջին բյուրականյան շրջահայությունն է և համարվում է 20-րդ դարի աստղաֆիզիկայի մեծագույն ձեռքբերումներից մեկը։ Այս շրջահայությունը տրամադրում է Տիեզերքի ամենամեծ լուսաչափական ուսումնասիրությունը՝ ծածկելով երկնքի 1\3-ից ավելին՝ ներառյալ Ծիր Կաթինը։ Սա աշխարհում եզակի ձեռքբերում է, որի հեղինակը Հայաստանն է»,-պատմում է ԲԱ տնօրեն Ա․ Միքայելյանը։ «ԲԱ-ն համագործակցային ձևաչափով աշխատում է նաև Ռուսկոսմոսի հետ՝ ուսումնասիրելով տիեզերքում առկա տիեզերական աղբի ծավալներն ու հնարավորինս չեզոքացնելով նրանցից ներկայացվող վտանգը տիեզերք թռչող հրթիռների համար»,- նշեց Միքայելյանը։

Աստղագիտության ստեղծման ակունքների մասին խոսելիս 2,6մ հայելու տրամագծով դիտակի էքսկուրսավար Հասմիկ Սաղաթելյանը նշում է, որ դիտակը կշռում է 100 տոննա, իսկ հայելին՝ 4 տոննա։ «Սեյսմիկ անվտանգությունը ևս պարտադիր պայման է դիտումներ իրականացնելու համար, քանի որ աննշան ցնցումը ևս կարող է խափանել դիտման արդյունավետությունը»,- ասաց նա։

Մեծ է ԲԱ ներդրումը գիտական տուրիզմի զարգացման մեջ։ Հ․ Սաղաթելյանի խոսքով՝ ԲԱ-ն եզակի գրավչություն ունի զբոսաշրջային ոլորտի տեսանկյունից։ «ԲԱ գրավչությունը աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, այն հյուրընկալում է իր տանիքի տակ ոչ միայն հայաստանյան այցելուների, այլև Հայաստանի սահմաններից դուրս ոլորտով հետաքրքրվող զբոսաշրջիկների, որոնք չեն սահմանափակվում մեկ այցելությամբ և շուտով դառնում են ԲԱ-ի հյուրեր՝ իրենց հետ բերելով նորերին, որպեսզի նրանք իրենց աչքերով տեսնեն գիտության տաճարը»,-ասաց նա։

Հանրակրթությունը և աստղագիտությունը

ԲԱ տնօրենի խոսքով՝ 1995թ․-ին ՀՀ հանրակրթական դպրոցներում հիմնադրվեցին օլիմպիադաներ, իսկ 1999թ․-ից «Աստղագիտությունը» ներառվել է դպրոցների առարկայական ցանկում։ 2006թ․-ից մինչ օրս անցկացվել է բյուրականյան միջազգային աստղագիտական յոթ ամառային դպրոց։ Իսկ արդյո՞ք Բենիամին Մարգարյանին հայաստանյան դպրոցներում ճանաչում են որպես Վ․ Համբարձումյանից հետո երկրորդ աստղագետ, Երևանի 108 դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Աննա Սեյրանյանի խոսքով էլեկտրոնային պաշարների առկայությունն ինքնին բավարար չէ դպրոցներում «Աստղագիտության» ուսումնասիրման համար, դասընթացին հատկացված խիստ սահմանափակ ժամաքանակը թեմայի խորքային ուսումնասիրման հիմնական խոչընդոտն է։ «Մի ժամանակ հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանում սովորողները Բ․ Վորոնցով-Վելյամինովի հեղինակած դասագրքով էին ծանոթանում Աստղագիտություն առարկային։ Այնուհետև 2001թ․-ից սկսեցին առարկային ծանոթանալ Ս․ Ներսիսյանի դասագրքով։ Սակայն, ցավոք, 2009թ․-ից «Աստղագիտություն» առարկան հանվեց ավագ դպրոցի ուսումնական ծրագրից։ Այժմ, երբ հանրակրթական պետական նոր չափորոշիչն է ներդրվել դպրոցներում, «Աստղագիտությանը» ծանոթանում են հիմնական դպրոցի 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում «Ֆիզիկա և աստղագիտություն» դասագրքով, որը բավարար չէ առարկան խորքային ուսումնասիրելու համար այն դեպքում, երբ այն համարվում է գիտությունների գիտություն»,- ասաց նա։ Անդրադառնալով Բ․ Մարգարյանի՝ աշխարհին մատուցած եզակի գիտական արժեքին, Սեյրանյանն ընդգծեց,որ «ԲԱ-ի գիտաշխատող Հ․ Աբրահամյանը զբաղվում է Մարգարյանի գալակտիկաների հատկություններով։ Ամբողջ աշխարհում են զբաղվում այս գալակտիկաների որոշ ֆիզիկական հատկությունների դուրսբերմամբ։ Դպրոցներում դասախոսությունների միջոցով փորձում են ցույց տալ, թե ինչ ժառանգություն ունենք, բայց դա, կարծում եմ, քիչ է»,-ասաց նա։

Թե ինչու դպրոցներում «Աստղագիտությունը» լիարժեք դասաժամերով չի ներառվում առարկայական ցանկում, ԿԳՄՍ նախարարությանն ուղղված մեր գրավոր հարցմանն ի պատասխան փոխնախարար Արաքսիա Սվաջյանը տեղեկացրեց․ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Աստղագիտություն» առարկայի դասավանդման վերաբերյալ Ձեր գրությունը քննարկման նպատակով ուղարկվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ»։

Գիտության մշակը

1946թ. Վ.Համբարձումյանը հիմնադրել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնը և Բյուրականի աստղադիտարանը, որտեղ կատարված հետազոտությունները կանխորոշեցին 20-րդ դարի երկրորդ կեսի աստղաֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները:
«Գարուն» ամսագրին (1985թ, թիվ 2) տված հարցազրույցում, խոսելով հայոց լեզվի մասին, նա նշել է․ «Հայոց լեզուն աշխարհի ամենահարուստ, զարգացած և կատարելագործված լեզուներից մեկն է։ Մենք գիտենք, որ, օրինակ, բնական գիտությունների բնագավառում հայոց լեզուն որպես լավ մշակված, ճոխ լեզու, հաջողությամբ ծառայում է իր նպատակին, դառնալով կատարյալ հաղորդակցության միջոց նաև գիտության բնագավառում։ Հենց այս հանգամանքն է, որ մեզ ավելի մեծ չափով է պարտավորեցնում, մեզանից՝ գիտության մշակներիցս, պահանջվում է մշտապես հետևել նրա ընթացքին, ճիշտ զարգացմանը, խստորեն հսկել նրա ճիշտ կիրառմանը ո՛չ միայն գիտության, այլև բոլոր բնագավառներում»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031