Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան

Երևան քաղաքի այն բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքային բյուջեից 1 միլիոն դրամ կստանան։ Նախագիծը Երևանի ավագանու նոյեմբերի 19-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Դիանա Քերոբյանը։

Որոշումն ընդունվեց 51 կողմ և 2 ձեռնպահ ձայներով:

«Վերլուծելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) տրամադրած տեղեկատվությունը՝ 2018-2023 թվականների ընթացքում 100-ամյակը նշել է Երևանի 177 բնակիչ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 30 բնակիչ: Միջին հաշվարկով 100-ամյակը լրացած 30 բնակիչների համար Երևանի բյուջեից առաջարկվող սոցիալական աջակցության հանրագումարը տարեկան կկազմի մոտ 30 մլն դրամ:

Շահառուին ներկայացվող և գործընթացային պահանջները հետևյալն են. 100-ամյակը լրանալու պահի դրությամբ շահառուն վերջին 5 տարին պետք է հաշվառված լինի Երևան քաղաքում՝ համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալների:

Դրամական աջակցությունը տրամադրվում է նույն եղանակով, որով տրամադրվում է տվյալ շահառուի կենսաթոշակը։ Աջակցությունը տրամադրվելու է նաև «Հայփոստի» միջոցով: Շահառուի կողմից դիմումի կամ որևէ այլ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չի առաջանալու»,- ասաց Դիանա Քերոբյանը:

Նա նշեց՝ աջակցության գումարի փոխանցումը իրականացվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ին:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930