Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Կայքը գրում է. «Հիշեցնենք, որ երեկ հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀԿԿ նախագահ Սասուն խաչատրյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախագահ Գնել Սանոսյանը, իսկ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Թե ինչու է Սահմանադրության ուժով՝ իշխանության երրորդ ճյուղ համարվող, դատական համակարգի անկախությունը երաշխավորող մարմնի ղեկավարը հրաժարական տվել՝ կառավարության անդամների, օրինակ, Գնել Սանոսյանի հրաժարականին զուգահեռ՝ հարցի մի կողմն է։
Անդրեասյանի հրաժարականից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները պետք է կատարեր տարիքով ավագը՝ Արմեն Դանիելյանը, սակայն ինչպես պարզվեց՝ վերջինս դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով տարիքով ավագության սկզբունքով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարելուց։ Ըստ այդմ, ԲԴԽ անդամի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԲԴԽ հաջորդ տարիքով անդամը՝ Կարեն Թումանյանը։
Նրա նախագահությամբ արդեն ԲԴԽ-ն պետք է նիստ հրավիրի՝ ընտրելու նախագահին, իսկ նախագահ չընտրելու դեպքում՝ Թումանյանը կշարունակի իրականացնել նախագահի պարտականությունները։
Նշենք, որ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր առաջիկա ամիսների ընթացքում, ըստ այդմ, իշխանություններն իրենց աչքի տակ արդեն ունեն ԲԴԽ նոր նախագահի թեկնածուին, որն ըստ օրենքի՝ պետք է լինի դատավոր-անդամ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում, ըստ ամենայնի, կընտրվի Արթուր Աթաբեկյանը։
Ի դեպ, Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ անդամ է ընտրվել 2023թ․ ապրիլի 7-ին, իսկ ԲԴԽ անդամ ընտրվելուց ամիսներ անց՝ 2024թ․ փետրվարին ընտրվել է Վճռաբեկ դատարանի դատավոր։
Հատկանշական է մեկ այլ հանգամանք ևս ՝ Աթաբեկյանը ԲԴԽ անդամ է ընտրվել որպես առաջին ատյանի դատարանի դատավոր այն պայմաններում, երբ դատական դեպարտամենտը ծանուցում էր ուղարկել բացառապես Սնանկության դատարանի դատավորներին, թեև պարտավոր էին ծանուցել ԲԴԽ անդամի համար օրենքով նախատեսված չափանիշներին համապատասխանող այլ դատավորներին ևս։
Աթաբեկյանն, ըստ շրջանառվող լուրերի, ազգակցական կապեր ունի նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է»: